Տնտեսական

Բելառուսական գյուղտեխնիկան ոգևորություն է առաջացրել հայ ֆերմերների մոտ

Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից և կարևորել դրանց շարունակական խորացումը:

ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա։ Իր հերթին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ գոհ է պայմանավորվածությունների արդյունքներից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների հետագա  ավելացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Միխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Ցուցադրել ավելի
Back to top button