ԿարևորՔաղաքական

Սարգսյան- Ալիեւ հանդիպումից առաջ նրանց հետ զրուցել է Ջոն Քերին

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ- ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակում։

Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ։

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում մանրամասներ է հայտնել այդ հեռախոսազրույցներից։ «Ես խոսել եմ նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի հետ վերջին 48 ժամում։ Նրանք մոտ ժամանակներս կհանդիպեն։ Մենք կոչ ենք արել կողմերին առաջ շարժվել եւ կշարունակենք զբաղվել այս հարցերով»,- Քերիի խոսքերն է մեջբերում պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Քերին հայտնել է, որ Դավութօղլուի հետ քննարկել է Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Դավութօղլուն իր հերթին հայտնել է, որ Քերիի հետ հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների եւ երկկողմ այլ խորհրդակցությունների շրջանակներում։ «Մենք հուսով ենք, որ այս սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի եւ Կովկասում եւ նրա սահմաններից դուրս կհաստատվի խաղաղություն։ Այսօր ես ուրախ եմ տեսնել, որ Թուրքիան եւ ԱՄՆ նույն դիրքերից են մոտենում այս խնդրին»,- ասել է Դավութօղլուն։ Նա հույս է հայտնել, որ Վիեննայում այսօր նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջողությամբ կպսակվի։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button