Հասարակություն

Փարաքարի դպրոցները ձմռանն ընդառաջ ջեռուցման համակարգեր ունեցան

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներում ջեռուցման շրջանը սկսվեց  կենտրոնացված ջեռուցմամբ:  Կրթօջախները  գազիֆիկացվել են, տեղադրվել են  նորագույն կաթսաներ:

Փարաքարի փողային նվագախումբը հանդիսավորությամբ ազդարարեց   դպրոցում ջեռուցման նոր  համակարգի ներդրման մասին:  Նավթի վառարանները փոխարինվեցին գազի կաթսաներով, որը հնագույն կառույցի տաքացման լավագույն տարբերակն է:  1930 ական թվականների շինությունը  տաքացնելը մշտական հոգս է եղել: Դպրոցի ջեռուցումը  կազմակերպվել է նավթի վառարաններով, որի հոտը  տհաճ զգացողություններ է առաջացրել:  Այլևս դա պատմություն է և  երեխաներն այժմ դասերն անցկացնում են կայուն ջերմաստիճան  ունեցող   տաք  դասարաններում:

300-ից ավելի  աշակերտ ունեցող Փարաքարի հիմնական դպրոցում  այժմ սովորում է 125 աշակերտ: Աշակերտների թիվն այստեղ տարեցտարի նվազում է, Դպրոցի տնօրեն Արուսյակ Նարիբեկյանի տեղեկացմամբ՝  նախորդ տարվա 29 աշակերտի դիմաց այս տարի առաջին դասարան է հաճախել 14- ը։

Դեռ  10 տարի առաջ Փարաքարի միջնակարգ դպրոցը նախատեսեց անցնել էկոլոգիապես մաքուր ջեռուցման ` նավթի վառարանները փոխարինելով էլեկտրական տաքացուցիչներով,  սակայն դպրոցն ամբողջ ծավալով   հնարավոր չի եղել  հավասարաչափ  տաքացնել:  4300 քմ ընդհանուր տարածքից  դպրոցում  չի  ջեռուցվել շուրջ 400 քմ-ը:  Էլեկտրական ջեռուցման ծախսերը 700-800 հազար դրամ է կազմել: Միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արուսյակ Առաքելյանը նշեց, որ ցուրտ ձմռանը չեն կարողացել դասարանները տաքացնել, քանի որ պատուհանները հին են և ստիպված այն խնամքով փակել են պոլիէթիլենային թաղանթներով:

Փարաքարի միջնակարգ դպրոցում  դասարանների մի մասը նորոգված էր, մի մասը` ոչ: Տնօրեն Վարազդատ Հակոբյանի տեղեկացմամբ՝ դրանք մասամբ իրականացվել են պետական բյուջեի միջոցներով, մասամբ  ծնողների ներդրմամբ: Այժմ ծախսերն ավելացել են, գազով   ջեռուցման համակարգի գործարկումը մեծ ծախս է առաջ բերելու: Ջեռուցման  կաթսաների  հզորությունը ժամում 20000 խմ է,  իսկ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով:  Փարաքարի միջնակարգ դպրոցում  սովորում է 421 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանը չցանկացավ ժամանակից շուտ ընկճվել և հույս հայտնեց, որ անպատճառ ելքը  կգտնվի:  Հավելեմ, որ Փարաքարի 2 դպրոցում  ջեռուցուման նոր համակարգերը ներդրվել են հովանավորչական միջոցներով, որը ձմռան սկզբին դպրոցականների համար լավ նվեր էր:

Ցուցադրել ավելի
Back to top button