ԿարևորՀասարակություն

ՊՆ- ն ծրագրում է մեծացնել հասարակության ներգրավվածությունը բացասական երեւույթների դեմ պայքարում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ուսանողության եւ երիտասարդության միջազգային օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման  ընթացքում պաշտպանության նախարարն ի շարս հարցերի անդրադարձել է նաեւ բանակում արձանագրվող հոռի երեւույթներին եւ խոսել դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

Խոսելով բանակում արձանագրվող արատավոր երեւույթների մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ 2011-ին հաջողվել էր այդ առումով զգալի բարելավել իրավիճակը զինված ուժերում: Նա նաեւ նկատեց, որ արդյունքի հասնելուց հետո երբեմն զգոնությունը թուլացել է, արդյունքում` կրկնվել են բացթողումներն ու թերությունները։  Արդյունքները, սակայն, չպետք է երբեք առիթ դառնան զգոնությունը թուլացնելու համար: Նկատելով, որ յուրաքանչյուր թերացում, բացթողում ու կորուստ մեծ ցավ է առաջացնում, Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ խնդիրները գտնվում են անձամբ իր ուշադրության կենտրոնում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ 2014 թվականին առավել մեծ արդյունքներ արձանագրելու համար ծրագրել են բանակում գոյություն ունեցող բացասական երեւույթների դեմ պայքարում զգալիորեն մեծացնել հասարակության ներգրավվածությունը։ Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ առումով ընտրվել է խստացված քաղաքականություն: Բանակը չի կարող պետության մեջ պետություն լինել, սակայն կարող է պետության մեջ ամրոցի դեր կատարել ու նա, ով չի կարողանալու ապրել օրենքներով, տեղ չի ունենա այդ ամրոցում, պարզաբանեց պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանն ասաց, թե չի ընդունում այն արտահայտությունը, թե բանակը հասարակության հայելին է, քանի որ նման ձեւակերպմամբ, կարծես, փորձ է արվում իջեցնել սեփական պատասխանատվության աստիճանը։ Այնինչ` մշտապես պետք է պայքար տարվի արատավոր բարքերի դեմ: Պաշտպանության նախարարը չի կիսում նաեւ այն մոտեցումը, որ բոլոր բանակներում էլ լինում են արատավոր երեւույթներ։ Միջանձնային հարաբերությունների մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ լուրջ աշխատաքը լինելու է 2014-ի հիմնական ուղղություններից մեկը, վստահեցրեց նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button