ԿարևորՔաղաքական

Շ. Քոչարյան. ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը» կհաստատվի դեկտեմբերին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Երեւանում կայացած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստում։  Փոխնախարարը նշել է, որ այս ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում: Շավարշ Քոչարյանն անդրադարձել է մեր օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Նրա կարծիքով՝ Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Մաքսային միությանը եւ Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության հարցերն էին խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկումների առանցքում:

 

Հայաստանի ռազմավարական խնդիրը աբխազական երկաթուղու բացումն է

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ խնդրի լուծումը մեր երկրի համար եղել ու մնում է առաջնահերթություն: Լինելով Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությամբ, ռուսական տնտեսության զարգացմամբ եւ ուժեղացմամբ, Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմամբ:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման մասնակցությանը, նշել է, որ այն առաջին հերթին պայմանավորված է նոր ռեսուրսներ օգտագործելու ձգտմամբ՝ պետության զարգացման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար ռազմավարական խնդիր է աբխազական երկաթուղու վերաբացումը: «Այդ պատճառով մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներին, մասնավորապես Մաքսային միության անդամ երկրների ապրանքաշրջանառության աճի տպավորիչ ցուցանիշներին»,- ասել է նա։

 

ՌԴ- ն կարեւորում է ռուսերենի իմացության մակարդակի բարձրացումը

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձավ Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափին եւ այս համատեքստում կարեւորել է ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:

 

Հայ պատգամավորների մտահոգության առարկան Լեռնային Ղարաբաղն է

Հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության եւ Մաքսային միության ձեւավորման գործընթացում ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ, ՀԱՊԿ, ԱՊՀ ՄԽՎ, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրել են հայ եւ ռուս խորհրդարանականները: Քննարկվել են հայ եւ ռուս խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության եւ փոխաջակցության խնդիրները:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման եւ Մաքսային միության անդամակցության գործընթացներում: Դրանք մասնավորապես վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորություններին, հեռահաղորդակցության եւ անվտանգության ապահովման խնդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button