ԿարևորՔաղաքական

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։ Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։ Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել։

Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական  երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր: Գեորգի Մարգվելաշվիլին խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպեցին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button