ԿարևորՀասարակություն

«Կուտակիր այսօր, ծախսիր վաղը». նախարարները ներկայացնում են կուտակային կենսաթոշակի առավելությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության վերջին նիստի  ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամերին հանձնարարել էր ավելի հաճախ հանդիպել լրատվամիջոցների հետ ու մանրամասներ ներկայացնել  կենսաթոշակային բարեփոխումների  վերաբերյալ։ Հիշեցնենք՝ դրանք մեկնարկելու են  հաջորդ  տարվանից:   «Կուտակիր  այսօր, ծախսիր վաղը» սկզբունքով գործող նոր համակարգին  2014 թ հունվարի 1- ից պարտավոր են միանալ 1974թ հունվարի 1- ից հետո ծնված  վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։   Պարտադիր բաղադրիչի  մասնակիցների անվանական աշխատավարձի 5 տոկոսը   կուտակվելու է, պետությունն էլ իր հերթին է հինգ տոկոս վճարելու: Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում պարտադիր կերպով կուտակումներ կիրականացնեն ՀՀ մոտ 260 հազար քաղաքացի, տարեկան կուտակումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։ Այսօր   կառավարության մամուլի  կենտրոնում լրագրողների հետ հանդիպել ու մեկ անգամ ևս պարզաբանումներ են ներկայացրել կառավարության աշխատակամզի ղեկավար- նախարար  Վաչե Գաբրիելյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Հաջորդ տարվանից Հայաստանում մեկնարկող կենսաթոշակային բարեփոխումներն սկսելու  համար ավելի քան տասը տարի ժամանակ պահանջվեց: Այս ընթացքում  տարբեր ձևաչափերով քննարկումներ, բանավեճեր  տեղի ունեցան: Այժմ արդեն բարեփոխումները կյանքի կոչելու ժամանակն է: Եվ այսպես՝ 2014թ հունվարի մեկից Հայասաստանն անցնում է  նոր՝  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: «Կուտակիր  այսօր, ծախսիր վաղը»  սկզբունքով   գործող նոր համակարգին հունվարի մեկից պարտավոր են միանալ 1974 թ հունվարի մեկից հետո ծնված  վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:  Պարտադիր բաղադրիչի  մասնակիցների անվանական աշխատավարձի 5 տոկոսը   կուտակվելու է, պետությունն էլ իր հերթին է հինգ տոկոս վճարելու:

Այսպիսով՝ կենսաթոշակը նոր համակարգում ձևավորվելու է քաղաքացու և պետության կողմից վերջինիս համար կատարված կուտակային վճարներից, ինչպես նաև դրանց կառավարումից ստացված եկամուտներից։ Կախված աշխատավարձի չափից՝  քաղաքացու և պետության կողմից վերջինիս համար կատարված յուրաքանչյուր  վճարների չափը տարբեր է  լինելու: Գումարները կուտակվելու են կենսաթոակային ֆոնդում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը ձևավորվու է  մասնակցի և պետության կողմից  կատարված կուտակային վճարներից, ինչպես նաև դրանց կառավարումից ստացված եկամուտների հաշվին: Ֆոնդում կուտակվող միջոցների դիմաց քաղաքացին ձեռք  է բերում փայեր, որոնք հավաստում են ֆոնդում քաղաքացու սեփականության փայը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարումն իրականացնում է  ֆոնդի կառավարիչը, որը հատուկ մասնագիտացված կազմակերպություն է: Ֆոնդի կառավարիչը լիցենզավորվում և վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից,  լիցենզավորում ստանալու նպատակով  գլխավոր դրամատուն  երկու կազմակերպություն արդեն դիմել է։ «Նրանք լուրջ և այնպիսի ընկերություններ են, որոնց ակտիվները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են Հայաստանի համախառն ներքին արդյունքը»,- ասում է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Գոյություն ունեն կենսաթոշակային ֆոնդերի հետևյալ տեսակները՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված:  Կայուն եկամտային ֆոնդը  համարվում է  համեմատաբար ցածր ռիսկային ու ապահովում է կայուն, ոչ բարձր եկամուտ: Ֆոնդի միջոցներն ամբողոջությամբ՝ 100 տոկոսով, ներդրվում են ամրագրված եկամուտ ապահովող և ցածր ռիսկային ֆինանսական գործիքներում, օրինակ՝ ավանդներում և  պարտատոմսերում: Այս ֆոնդերը նախընտերլի են այն մասնակիցների համար, ովքեր գերադասում են ստանալ ոչ բարձր, սակայն, կայուն եկամուտ։

Պահպանողական ֆոնդը միջին ռիկսային է և կարող է ապահովել բարձր եկամուտ: Ֆոնդի միջոցները բացի ամրագրված եկամուտ ապահովող ֆիանսնական գործիքներից, որոշ չափով՝ մինչև 25 տոկոս,  ներդրվում են համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում, օրինակ՝ բաժնետոմսերում: Այս ֆոնդերը նրանց համար են, ովքեր հիմնականում հակված են բարձր եկամուտ ստանալու և պատրաստ են դիմել նաև որոշակի ռիսկի։

Հավասարակշռված ֆոնդը համեմատաբար բարձր ռիսկային է և կարող է ապահովել ավելի բարձր եկամուտ։ Ֆոնդի միջոցները հավասարապես ներդրվում են ամրագրված եկամուտ ապահովող մինչև հիսուն տոկոս, և ռիւսկային ֆինանսական գործիքներում՝  կրկին մինչև 50 տոկոս: Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հակված են դիմելու ռիսկի՝ ակնկալելով ստանալ ավելի բարձր եկամուտ։

Անկախ ընտրած ֆոնդի տեսակից՝ պետությունը երաշխավորում է՝ քաղաքացու կողմից կատարված կուտակային վճարները տարեկան ճշգրտված գնաճով  վերադարձվելու են: Կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն իրավաբանական անձ չէ: Անգամ ֆոնդի կառավարչի սնանկության դեպքում կուտակված միջոցները շարունակում են մնալ քաղաքացու սեփականությունը, պարզապես՝ ֆոնդի կառավարումը փոխանցվում է մեկ այլ ֆոնդի կառավարչի: Մինչ կենսաթոշակային ֆոնդի ընտությունը, նախ պետք է կողմնորոշվել, թե ինչ ռիսկայնության ֆոնդ է ցանկանում քաղաքացին, հետո արդեն ընտրել ֆոնդի կառավարիչների առաջարկած որևէ ֆոնդ: Յուրաքանչյուրը պետք է մեկ ֆոնդ ընտրի։

ԿԲ  նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով՝ եթե կենսաթոշակային բաեփոխումները կենսունակ չլինեին, ապա ֆոնդի կառավարիչը հեղինակավոր ընկերությունները Հայաստան չէին գա։ Ադրադառանալով, այսպես ասենք, ընդդիմախոսների հայտարարություններին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը  նկատեց. «մենք պատրաստ ենք մանրամասնորեն բացատրել ցանկացած իրավիճակ, ցանկացած լուծում»։

Եվ վերջում՝ մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ բարեփոխումների պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թ հունվարի մեկից հետո ծնվածներին, Հայաստանում  գործում է նաև կամավոր բաղադրիչը, որին մինչ այժմ  միացել է ՀՀ  չորս քաղաքացի։ Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում՝ պարտադիր կերպով կուտակումներ կիրականացնեն ՀՀ մոտ 260 հազար քաղաքացի, տարեկան կուտակումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button