Վերլուծական

Սարգսյան- Ալիեւ հանդիպումից սպասելիքներ չպետք է ունենալ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն։ Պետության ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ  նոյեմբերի 19-ին Վիեննայում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Մինչ այս այսօր Մոսկվայում նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախագահների հանդիպումից առաջ, սակայն, ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, ինչը, ըստ քաղաքագետ, Լևոն Մելիք-Շահնազարյանի, նպատակ է հետապնդում միջազգային հարությանը ցույց տալ, որ Ադրբեջանի վեճը Հայաստանի հետ է։

Վաղը նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվում. հիշեցնենք շաբաթ օրն ադրբեջանական ԶՈւ-երը, անտեսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, երեք ժամ ինտենսիվ կրակ են բացել Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա: Եվ դա տեղի ունեցած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ԵԱՀԿ Մշտական խորհրդում հրապարակած զեկույցից մի քանի ժամ հետո: Զեկույցում վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը: «Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից»,- ասվում է ԱԺ փոխնախագահի հայտարարության մեջ:

Սակայն քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանի համոզմամբ՝ միջադեպը ամենևին նպատա չունի ձախողել բանակցային գործընթացը։ «Դա ձախողման փորձ չէ, քանի որ որևէ ձախողելու բան չկա։ Ալիևը խելացի ծրագիր է իրականացնում, ցույց տալու, որ վեճը Հայաստանի հետ է»,- ասում է։

Նախագահների հանդիպումից ու տարածաշրջան որևէ պաշտոնական  այցից առաջ հրադադարի ռեժիմի խախտումները նպատակ ունեն ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հանգամանքին, որ դա տարածքայի վեճ է, և Ադրբեջանի այդ վեճը Հայաստանի հետ է, ոչ թե՝ Արցախի։ Իսկ Աաֆարովին Հունգարիայից  Ադրբեջան արտահանձնելուց հետո բանակցությունների դադարը ծառայե՞ց արդյոք իր նպատակին, թե այն դադար էր, դադարի համար, հարցրեցի քաղաքագետին. «Դադարը միայն մեկ բանի ծառայեց, երկու կողն էլ հանգստացան իրարից։ Որևէ արդյունքի հնարավոր չի լինի հասնել»։

Շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ կարծում են, որ Սաֆաորվի արդարացումից ու մարդասպանին Ադրբեջանում հերոսացնելուց հետո Հայաստանը պետք է նախապայմաններ առաջադրեր Սարգսյան-Ալիև հանդիպուման համար, կամ միջազգային հանրության կողմից դատապարտող կոշտ արձագանք լիներ, կամ գոնե Ադրբեջանը որևէ պատասխան տար, ինչը չեղավ: Ի տարբերություն նրանց՝ Լեւոն Մելիք- Շահնազարյանը ուսումնասիրել է գործընթացի իրավական կողմը, ու, ըստ նրա, Սաֆարովի էքստրադիցիան ու Բաքվում նրա հերոսացումը խիստ դատապարտելի է բարոյական հարթության վրա է, սակայն «ոչ Հունգարիան, ոչ էլ Ադրբեջանը իրավական որեւէ խախտում չեն արել»։

Եվ վերջում՝ ի՞նչ սպասել Սարգսյան- Ալիեւ հանդիպումից։ ՄԽ միջնորդները գոհունակություն կհայտնեն, որ տևական դադարից հետո հաջողվեց հանդիպում կազմակերպել, համանախագահները կնշեն, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին ու այդքանով կավարտի հանդիպումը, ասում է Լեւոն Մելիք- Շահնազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button