Մշակույթ

Թատերական գործիչների միության համագումարը հստակեցրեց մեկ հարց. այն կշարունակի ղեկավարել Հակոբ Ղազանչյանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի թատերական  գործիչների միության 15-րդ համագումարը: Օրակարգում միության նախագահի հաշվետովությունն էր  ու նոր նախագահի ընտրությունը: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշել է, որ միության վերջին երկու տարիների գործունեության առանցքում եղել են  մասնավորապես մարզային թատրոնները: «Դրանց խնդիրն ավելի բարդ է, իսկ փոքր քաղաքներում և գյուղերում խայտառակ վիճակ է»,- ասել է միության նախագահը: Հակոբ Ղազանչյանը նաև հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ, որոնք կկարգավորեն ոլորտում առկա խնդիրները։

Նախատեսված կարգի համաձայն՝ Հայաստանի թատերական  գործիչների միությունը երկու տարին մեկ գումարում է իր հերթական համագումարը: Թվով 15-րդ համագումարում միության նախագահ Հակոբ Ղազանչյանն այսօր նախ ամփոփեց կատարված աշխատանքը՝ առանձնացնելով հատկապես մարզային թատորնների վիճակը բարելավվելու ուղղությամբ իրականացված քայլերը: Մանրամասն խոսեց Գավառի, Կապանի, Գորիսի ու Արտաշատի թատրոններում առկա խնդիրների մասին: Առանձնացրեց նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքի  խնդիրը, որի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են։

Հակոբ Ղազանչյանն անդրադարձավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի ծանր վիճակին: Նշեց, որ պատրաստվում է շենքի պահպանման հարցով նամակ հղել Վրաստանի կառավարությանը։

Համագումարին ներկա թատերական գործիչների մեծ մասին այսօր մտահոգում էր, թատրոնի մասին օրենքի բացակայությունը։ Խնդրին բազմիցս անդրադարձել է նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Մայր թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանն ասում է, որ չի հասկանում ՝ ինչպես կարող է թատրոնի մասին օրենքը տարիներ շարունակ քննարկման թիրախում հայտնվել հայրենի խորհրդարանում  ու որևէ  հանգուցալուծում չստանալ։ Տիգրանն Ներսիսյանն անդրադարձավ նաև բազմիցս չարչրկված հարցին՝ պե՞տք են արդյոք մեզ ստեղծագործական միություններ: «Իհարկե պետք են, միայն թե դրանք պետք է լինեն ավելի կենսունակ»,- ասում է նա։

Ոլորտում առկա խնդիրները, ըստ դերասանի, բազմաթիվ են, թատերական մթնոլորտն ընդհանուր առմամբ անառողջ է, արվեստագետի աշխատանքը նսեմացնելու, հասարակությունն անհատականություններից զրկելու միտում կա: Չլուծված ու պատասխաններ ակնկալող հարցերն այս ոլորտում շատ են, իսկ Հայաստանի թատերական գործիչների հերթական համագումարն այսօր հստակեցրեց մեկ հարց. առաջիկա 2 տարիներին ևս միությունը կշարունակի ղեկավարել Հակոբ Ղազանչյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button