Հասարակություն

ԶԼՄ- ների ազատության հարցով Հայաստանը երրորդն է Արեւելյան գործընկերության երկրներում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր ներկայացվել են «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» ուսումնասիրության հերթական փուլի արդյունքները: Հետազոտությունը, որը երկրորդն է ծրագրի իրականացման ընթացքում, ընդգրկում է հուլիսից- սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը: Այդ եռամսյակի արդյունքներով ՝ ԶԼՄ- ների ազատության ինդեքսով Հայաստանը երրորդն է Արևելյան գործընկերության 6 երկրների շարքում. մեր երկիրն իր ցուցանիշով գերազանցում է Ուկրաինային,  Ադրբեջանին և Բելառուսին, զիջում ՝ Մոլդովային ու Վրաստանին:  

«ԶԼՄ- ների ազատության ինդեքս» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում: Հետազոտությունը փորձում է ներկայացնել, թե լրատվամիջոցների ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության առումով իրավիճակն ինչպիսին է  Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրում: Հուլիսից- օգոստոս ընկած ժամանակահատվածի արդյունքներով ՝ Հայաստանը  Արևելյան գործընկերության 6 երկների շարքում երրորդն է ԶԼՄ-ների ազատության ինդեքսով. իր ցուցանիշով  զիջում է Մոլդովային ու Վրաստանին, գերազանցում Ուկարինային,  Ադրբեջանին և Բելառուսին։

Սա, ի դեպ, գրեթե նույն սանդղակն է, որն արձանագրվել էր նաև  ծրագրի նախորդ փուլի ընթացքում։ Միակ փոփոխությունն այն է, որ Մոլդովան բարելավել է իր դիրքերը և դարձել առաջատար Արևելյան գործընկերության 6 երկրների ցանկում: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել  Զոլյանն այդ առաջընթացն ավելի շատ Վրաստանի հետընթացով է պայմանավորում։ «Ես կասեի, որ ոչ այնքան Մոլդովան  է առաջընթաց ապահովել, որքան դանդաղել է Վրաստանի առաջընթացը»,- նկատում է փորձագետը։

Հետազոտությանը յուրաքանչյուր երկրում մասնակցել է 10- ական փորձագետ։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանել է 55 չափանիշների հիման վրա  կազմված հարցաշարի՝ գնահատելով ԶԼՄ- ների ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը: Հարցերը խմբավորվել են  4 հիմնական բաժիններում՝ քաղաքականություն, գործնական կիրառում, հեռարձակող ԶԼՄ- ներ ,  ինտերնետ ու այլընտրանքային լրատվամիջոցներ: Այս բոլոր բաժինների միավորների հանրագումարով կազմվել է յուրաքանչյուր երկրում ԶԼՄ- ների ազատության վարկանիշը։ «Նախորդ փուլի համեմատությամբ՝ մեծ տեղաշարժեր չեն եղել: Հայաստանը պահպանել է իր երրորդ տեղը: Ուկարինայից, փաստորեն, մեր երկրին հաջողվել է առաջ անցնել: Ադրբեջանից ու Բելառուսից շահեկանորեն  տարբերվում է մեր իրավիճակը, իսկ Մոլդովան և Վրաստանը շարունակում են մեզնից առաջ մնալ»։

Ի դեպ՝ չորս ուղղություններից երկուսում մեր երկրի դիրքերն ավելի բարձր են.   քաղաքականության կամ օրենսդրական կարգավորումների  առումով Հայաստանը  6 երկրների ցանկում երկրորդն է՝ զիջելով միայն Վրաստանին:  Ինտերնետի և այլընտրանքային լրատվամիջոցների ազատության առումով ցուցանիշը համարյա նույնն է, ինչ  ունի երկրորդ տեղը զբաղեցնող Վրաստանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button