Միջազգային

Վրաստանի նախագահական պալատը վերջին անգամ ընդունեց այցելուներին՝ այդ կարգավիճակով

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վաղը Վրաստանում տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլին, սակայն, արդեն հայտարարել է, որ չի աշխատելու Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրում: Վերջինս վերածվելու է համալսարանի: Իսկ նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի աշխատակազմը, որ դեմ է նոր իշխանությունների այս որոշմանը, այսօր «բաց դռների» օր էր հայտարարել, որպեսզի մարդկանց հիշողության մեջ նախագահական նստավայրը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է։

Հարյուրավոր քաղաքացիներ հնարավորություն ունեցան շրջել նախագահական նստավայրում, տեսնել Միխայիլ Սահակաշվիլիի աշխատեսանյակը, նստել նրա աթոռին, լուսանկարվել, լինել գմբեթի բարձունքում, որտեղից երևում է ողջ քաղաքը։ «Ճիշտն ասած ես ավելի շքեղ էի պատկերացնում. որքան գումար են ծախսել և ես մտածում էի ավելի շքեղ պետք է լինի»,- ասում է այցելուներից մեկը։

Այցելուների կարծիքներն իրարամեր էին։ Ոմանց համար «այս շենքը շատ լավ տեղում է կառուցված և հենց նախագահների համար է», մյուսների համարել էլ՝ «Այս շենքը երիտասարդների համար է, որովհետև երիտասարդությունը մեր ապաագան է»։

Այցելուներն ավելի շատ հետաքրքրված էին Սահակաշվիլիի աշխատասենյակով: Այստեղ Սահակաշվիլին թողել է իր գրքերը` Վրաստանի Սահմանադրությունը, Վրաստանի մասին տարբեր գրքեր, Դոստոևվսկիի հատորները և այլն: Ինչպես աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը ասաց. «Այս ամենը մենք թողնելու ենք այստեղ. թող նոր կառավարությունը որոշի այս իրերի ճակատագիրը»։

Հավլաբարի բարձունքում գտնվող այս նստավայրի կառուցումը մեկնարկել էր 2003 թվականին տեղի ունեցած վարդերի հեղափոխությունից հետո և տևել մոտ 5 տարի: Նստավայրի բակում էլ հետաքրիր լուծումներով պատկերված է հեղափոխության խորհրդանիշ վարդը: Այս շենքի կառուցման վրա աշխատել են մի քանի ճարտարապետներ, նախագծի հեղինակը վրացի է, կառուցումն ավարտին է հասցրել իտալացի Միկելե Դե Լուկին, ով հետագայում կառուցել է նաև Թբիլիսիի Խաղաղության կամուրջը: Շքեղ այս շինությունը կառուցված է դասական ոճով, ունի նաև մեծ գմբեթ` զարդարված հունա-հռոմեական տարրերով ու իտալական Վերածննդի ոճով։

Ըստ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ նստավայրի կառուցումն արժեցել է 13 միլիոն լարի (7.8 միլիոն դոլար): Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ ավելի մեծ գումար է ծախսվել:

Նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն հայատարարել է, որ համաձայն չէ, որպեսզի նախագահական նստավայրը լինի այդչափ մեծ, և որ դրա վրա ծախսված ողջ գումարը պետք է վերադարձվի ժողովրդին։ «Այսօր վերջին օրն է, որ այս նստավայրը գործում է որպես նախագահի նստավայր և մենք ուզում ենք, որ մարդիկ գան, տեսնեն այն և հիշեն որպես այսպիսին», — ասում է Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավարը։ Ըստ նրա՝ այսօր բոլոր աշխատակիցները աշխատում են սովորականի պես, սակայն նախագահը տեղում չէ։ «Հիմա նախագահն այստեղ չէ: Նա Եվրոպայում է, ունի որոշ հանդիպումներ, չգիտեմ երբ կգա»։

Ի դեպ՝ Միխայիլ Սահակաշվիլին վաղը չի մասնակցելու նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը հենց այդ պատճառով, որ իշխանությունները իր կառուցած շենքը չեն ուզում օգտագործել որպես նախագահական նստավայր։ «Սա հիանալի շենք է, շատ գեղեցիկ է, այստեղ պետք է լինի միմիայն նախագահական նստավայրը և ինչ-որ մեկն ուզում է ոչնչացնել նոր Վրաստանի խորհրդանիշը։ Դա սխալ է»,- ասում էր այցելուներից մեկը:

Ի դեպ՝ նախագահական նստավայր մտնելիս աշխատակիցները բաժանում էին գրքեր«Նոր Վրաստան» վերնագրով, որտեղ ներկայացված են Վրաստանի այն փոփոխությունները, որոնք իրականացվել են Սահակաշվիլիի օրոք։

Ցուցադրել ավելի
Back to top button