ԿարևորՔաղաքական

Թուրքիայում այսօր մինչեւ 4 մլն իսլամացած հայ է ապրում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-4- ը  Ստամբուլում կայացել է իսլամացած հայերին նվիրված կոնֆերանս, որին մասնակցել է նաև հայաստանյան  պատվիրակաությունը: Պատվիրակաության անդամ ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող  Սերգեյ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ստամբուլյան գիտաժողովին: «Երեսուն տարի զբաղվում եմ  համշենահայերի խնդիրներով, բայց միշտ նոր բաներ եմ բացահայտում»,- այսօր խոստովանել է գիտնականը։

Գիտնականներ հինգ երկրներից, 26 զեկուցումներ հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով, դրանց զուգահեռ՝ ընտանեկան  տարբեր պատմություններ. ամեն ինչ Թուրքիայում բնակվող իսլամացած հայերի մասին: ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող  Սերգեյ Վարդանյանը Ստամբուլում կայացած գիտաժողովը բնորոշում է բացառիկ: Ի վերջո՝ շուրջ հարյուր տարվա փակ թեման Ստամբուլի համալսարանում դարձել է գիտաժողովի նյութ: Գաղտնի թեմային զուգահեռ գիտաժողովը գաղտնազերծում է նաև իսլամացած հայերի տասնամյակների ցավը։ Գիտաժողովում անդրադարձ է կատարվել, այսպես ասած, թոռների թեմային: Մարդիկ պատմել են իրենց տատերի մասին, որոնց բռնությամբ ստիպել են ընդունել իսլամը: «Հասկանալի է, որ նրանց թոռներն այլևս հայ չեն, բայց նրանց հարազատ է հայերի ցավը»,- ասում է Սերգեյ Վարդանյանը։

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն այս գիտաժողովը որակում է որպես Թուրքիայի կողմից իրականացված քաղաքական քայլ: «Գիտական յուրաքանչյուր իրադարձության հիմքում, ի վերջո,  քաղաքական ենթատեքստ կա»,- ասում է: Նրա համոզմամբ՝ Թուրքիան խնդիր ունի ապացուցելու Եվրոպային, որ ինքը, այնուամենայնիվ, ժողովրդավարական երկիր է, որտեղ ոչ ավելի ոչ պակաս ծպտյալ հայերի թեման կարող է քննարկման առարկա դառնալ:  Ամեն  դեպքում՝ այս քաղաքական հաշվարկներից  Թուրքիայում բնավող դավանափոխ մեր հայրենակիցները, ըստ Ալվրցյյանի, կարող են օգտվել։

«Թուրքիայում ազգային ինքնության  օղակը ճեղքող առաջին ռումբը պայթեցրեց Հրանտ Դինքը, իսկ այսօր հայկական փոքրամասնությունն այս երկրում ազգային ինքնագիտակցության լուրջ վերելք է ապրում»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը։ Տարբեր ուսումնասիորւթյունների վրա հիմնված նրա տեղեկություններով՝  Թուրքիայի տիրապետության տակ գտնվող պատմական մեր հայրենիքում այս պահին  չորս միլիոն դավանափոխ հայ է ապրում։ «Եթե Թուրքիան մի օր դառնա ժաղովրդավարական երկիր, ապա հայերի թիվն աշխարհում առնվազն երկու միլիոնով կավելանա»,- ժամանակին ասում էր Հրանտ Դինքը։

Ցուցադրել ավելի
Back to top button