Քաղաքական

ԱԺ պատգամավորը հուսով է՝ վրացական նոր իշխանություններին կհաջողվի կարգավորել Ռուսաստանի հետ խնդիրները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 17-ից Վրաստանի նախագահ կդառնա 44-ամյա Գեորգի Մարգվելաշվիլին, ով մինչ այդ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Ի տարբերություն հեռացող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլին սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի փաստացի ղեկավարության  լծակները փոխանցելու է վարչապետին: Ի դեպ՝ մեկ շաբաթից Վրաստանի կառավարությունը ևս կունենա նոր ղեկավար: «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր խոստմանը համաձայն պատրաստվում է պաշտոնը զիջել 31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլուն, ով այժմ գլխավորում է ներքին գործերի և հասարակական կարգի նախարարությունը։

Այսպիսով՝ Վրաստանում կավարտվի  երկիշխանությունը, ասում է Հայաստանի ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով վերջերս է վերադարձել հարևան երկրից: Ըստ նրա՝ գործող վարչապետը կամավոր հրաժարարականից հետո պասիվ դերակատարում չի ունենա պետության կյանքում։ Դեռևս հեռացող նախագահ  Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ վրացական իշխանական վերնախավի երիտասարդացում: Երիտասարդ և քիչ հայտնի Իրակլի Ղարիբաշվիլիի սպասվող նշանակումը վարչապետի պաշտոնին նշանակում է, որ այդ ավանդույթը շարունակվում է և նոր վարչակարգի օրոք։

Վարդապետյանը կարծիք հայտնեց, որ վրացական նոր իշխանություններին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից:  Մասնավորապես՝ ըստ պատգամավորի, հնարավոր է վերականգնվի հաղորդակցությունը աբխազական երկաթուղով, որը կկապի Հայաստանը Ռուսաստանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button