Հասարակություն

Սոցիալական տարբեր խավերին վերաբերող բարեփոխումները իրականացվում են վստահության փոխհամաձայնության դեպքում միայն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014 թ Հայաստանում մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխումների  պատադիր բաղադրիչը։ Նոր ներդրվող համակարգի համաձայն՝  հաջորդ տարվանից 1974 թվականի հունվարի 1- ից հետո ծնված քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու են մասնավոր ֆոնդերին, պետությունն էլ իր հերթին է հինգ տոկոս ավելացնելու: Միջոցները կուտակվելու են, քաղաքաիներին դրանք վերադարձվելու են 63 տարին լրանալուց հետո։ Իհարկե՝ որոշ բացառիկ դեպքերում քաղաքացին հնարավորություն կունենա դրանք ավելի վաղ ստանալ, գործելուէ  նաև ժառանգության սկբունքը, դրանք նաև ժառանգելի են, կուտակված միջոցները անձի սեփականությունն են հանդիսանում:

Մինչ նոր բարեփոխումները մեկ ու կես ամիս  ժամանակ  է մնացել, բարեփոխումների ընդդիմախոսներն այս օրերին ավելի ակտիվ են: «Ֆյեսբուք» սոցիալական ցանցում անգամ  «Ընդդեմ կենսաթոշակային հինգ տոկոս պարտադիր վճարին» խումբ է ստեղծվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս բարեփոխումների կողմնակից է, սակայն կարծում է, որ հստակեցնելու հարցեր  նույնպես շատ կան։ Պատգամավորը նաև նկատում է՝ շատ արագ  ու  տարբեր մեծ փաթեթներով  է կառավարությունը ԱԺ ներկայացնում փոփոխությունները, ուստի և մանրամասն քննարկման ժամանակ չի լինում։

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ սոցիալական տարբեր խավերին վերաբերող բարեփոխումները իրականացվում են վստահության փոխհամաձայնության դեպքում, սակայն, ինչպես տնտեսագետն է նկատում, Հայաստանում չկա իր թվարկածից և ոչ մեկը: Տնտեսագետը պարտադիր  կուտակային նոր համակարգում բազմաթիվ ռիսկեր է տեսնում, դրական տարրեր, իհարկե, ևս նկատում է։

Ինչպես արդեն նշեցինք, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային հինգ տոկոս պարտադիր վճարին» խումբը։ Ընդդիմախոսները միաբերան պնդում են, որ բարեփոխումները մեկնարկեն ոչ թե 2014, այլ՝ 2015 թ հունվարի մեկից: Սակայն, հիշեցնեմ, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում նախ հիշեցրեց, որ   տասը տարի շարունակ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ֆինանսական  միջոցներ են ծախսվել, քննարկումներ են տեղի ունեցել,  բոլորի հարցերին  պատասխաններ են  տրվել:  Կառավարության ղեկավարը  պատկան մարմիններին  հանձնարարեց, որ ավելի սերտ համագործակցեն ԶԼՄ-ների հետ,  մանրամասները փոխանցեն հատկապես այն քաղաքացիներին, ովքեր   հունվարի մեկից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին:

Տիգրան Սարգսյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ կենսաթոշակային բարեփոխումները  չեն հետաձգվի: Հիշեցնեմ, որ դրանք մեկ անգամ արդեն հետաձգվել են, Հայաստանը պարտադիր կուտակային համակարգին պետք է անցներ 2010թ., սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով այն հետաձգվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button