Հասարակություն

Մոնթեականները նշում են իրենց 20- ամյակը (ֆոտոշարք)

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օրն այսօր  մեկնարկել է տոնական տրամադրությամբ. առաջին կուրսեցիների երդման արարողությանն ու վարժարանի կազմավորման 20- ամյակին  նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել է նաև երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով մեդալներով ու պատվոգրերով պարգևատրել է  վարժարանի ուսումնամանկավարժական կազմի մի շարք ներկայացուցիչների։

Մոնթեականներն այսօր նշում են վարժարանի կազմավորման 20-ամյակը: Առաջին կուրսեցիների համար օրը նշանավորվել էր նաև հայրենիքին տված երդման  արարողությամբ: Տղաները գիըակցում են, որ կատարել են կյանքի  կարևորագույն քայլերից մեկը։ Մոնթե Մելքենյանի անվան ռազմամարզական վարժարանը ստեղծվեց  արցախյան պատերազմի ծանր ու դժվար  ժամանակահատվածում, երբ  պարտադրված պատերազմում  հայտնված հայ ժողովրդի համար օդ ու ջրի նման անհրաժեշտություն դարձան ռազմաուսումնական հաստատությունները:

Գոյության 20 տրիների ընթացքում վարժարանը կրթել ու  կյանք է ճանապարհել 1173 շրջանավարտների, ռազմական կրթությունը շարունակելուց հետո նրանց մեծ մասն այսօր համալրում է հայոց բանակի սպայական կազմը: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանն այսօրը բեկումնային համարեց վարժարանի ավելի քան 90 սաների համար, որոնք իրենց երդմամբ երկրի ու ժողովրդի առաջ ստանձնեցին ավելի բարձր մակարդակի պատասխանատվություն։

«20- ամյա ռազմամարզական վարժարանի հաջողություններն ակնհայտ են և դրանք տեսանելի են ոչ միայն մեր երկրում , այլև միջազգային ասպարեզում»,- մոնթեականներին ուղղված ողջույի խոսքում այսօր ընդգծեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հույս հայտնելով, վարժարանի անձնակազմն  այսուհետ ևս ամեն ինչ կանի, որպեսզի արժանի լինի մեր ազգային մեծ հերոսի՝ լեգենդար Մոնթեի անվանը, որն այսօր մեծ հպարտությամբ կրում է։

Հայկական բանակի հզորացմանն ուղղված քայլերում վերջին տարիներին  լուրջ շեշտադրումներ են կատարվել մասնավորապես ռազմական կրթության ոլորտում: Մշակվել է ռազմակրթական հայեցակարգ, որը, ինչպես նշեց նախարար Օհանյանը, արժանացել է անվտանգության խորհրդի  հավանությանը: Հայեցակարգը կարևորագույն, բայց իրականացված քայլերից ընդամենը մեկն է։

Back to top button