ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը շարունակել է հետեւել ԼՂՀ զորավարժություններին (ֆոտոշարք)

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը։

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել։ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին:

Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները։

Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button