Հասարակություն

ՀԿ- ները պահանջում են, որ ՄԻԱՎ վարակակիրների բուժումը պետությունը վերցնի իր վրա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սկսվում են ՄԻԱՎ- ի դեմ պայքարի միջոցառումները, որոնք նպատակ ունեն բարձրացնել հասարակության շրջանում վարակի վերաբերյալ իրազեկվածությունը և կոչ անել պետական այրերին, որ առանց իրենց միջնորդության չի կանխվի վարակի էպիդեմիան և չի ապահովվի վարակակիրների լիարժեք բուժումը: Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 561 մարդ  ստացել է վարակի վերաբերյալ  ախտորոշում և ստանում է բուժում: Սակայն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների,  Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը 1500 է։
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ հիմնադիր Հովհաննես Մադոյանի խոսքով` վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ վարակի բուժման պարագայում վարակի փոխանցման հավանականությունը նվազում է 96 տոկոսով: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները իշխանություններից պահանջում են ապահովել բուժման շարունակականությունը, ինչը կպաշտպանի հասարակությանը ՄԻԱՎ վարակից։

ՄԻԱՎ վարակի ամբողջ բուժումը ֆինանսավորվում է  ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային գլոբալ հիմնադրամի կողմից: Սակայն 2015 թվականին ավարտվում է դոնոր կազմակերպության ֆինանսավորման պայմանագրի ժամկետը, իսկ կառավարության որոշումը հնարավորություն կտա  մեր ՄԻԱՎ վարակակիրներին  դրամաշնորհային ծրագրից հետո շարունակել իրենց բուժումը։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը մտահոգված է, որ պայմանագրի դադարից հետո մեր պետությունը չի կարող ֆինանսավորել հիվանդների բուժումը։ Նման ծրագրի միջազգային ֆինանսավորման դադարեցումից հետո միայն Էստոնիայում է, որ պետությունն իր վրա է վերցրել ծրագրի շարունակական ընթացքը։

 Չնայած որ  շատ են հարցի վերաբերյալ դիմել  բարձրաստիճան այրերին, սակայն սայլը տեղից չի շարժվել, այնուամենայնիվ հուսով են, որ իրենց այս անգամվա կոչը կունենա դրական ընթացք: Հովհաննես Մադոյանը կարծում է, որ հանրային վերահսկողությունն ու լրատվամիջոցների կողմից խնդրի բարձրաձայնումը կառավարությանը կստիպի  հարցին օպերատիվ լուծում տալ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button