ԿարևորՔաղաքական

ԱԺ ճեպազրույցների առանցքում Բյուջե 2014- ն էր՝ անբավարարից մինչեւ դրական գնահատականներով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանի քառօրյա նիստերին ավանդաբար հաջորդող խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում արծարծվող հիմնական թեմաներից էր գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը: Եթե իշխող քաղաքական կոալիցիան ներկայացնող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը հիմնականում գոհ էին կառավարության կողմից կազմվաց ֆինանսական օրինագծից, ապա ընդդիմադիր ուժերը այլընտրանք հռչակված ԲՀԿ-ի հետ միասին անողոք քննադատեցին այն: 

Իշխող մեծամասնության կողմից ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստի տապալումը էլ ավելի սրեց երկու քաղաքական ճամբարների միջև հարաբերությունները: Արդյունքում՝ տուժեց պետբյուջե-2014-ի նախագիծը, որի քննարկումները երեկ ավարտվեցին խորհրդարանում: Այսպես՝ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 5-բալանոց սանդղակող «0» գնահատեց կառավարության կազմած ֆինանսական օրինագիծը։

Այնուամենայնիվ՝ «Ժառանգությունից» պետբյուջեի նախագծին առնչվող մոտ 50 առաջարկ արդեն ներկայացվել է, որոնցից, ըստ Փոստանջյանի, ձևավորված ավանդույթի համաձայն, լավագույն դեպքում կարող են ընդունվել 1-2-ը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս «անբավարար» նշանակեց պետբյուջեի նախագիծը։ Ռուստամյանը հայտնեց նաև, որ քաղաքական ուժերը բանակցում են բյուջեի ուղղվածության փոփոխմանը միտված միասնական առաջարկությունների ձևավորման շուրջ։

Իսկ ահա «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ընդհանուր առմամբ գոհ էր պետբյուջեի նախագծից, որին կողմ է քվեարկելու, քանի որ իշխող քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ է։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին միացավ քննադատական ալիքին՝ նշելով, որ դեմ են քվեարկելու պետբյուջեի ներկայացված նախագծին։ Ըստ նրա՝ երկրի գոյատևման հիմնական աղբյուրը դրսից եկող մասնավոր փոխանցումներն են, առանց որոնց տնտեսությունը կկործանվի։

Քաղաքական այլընտրանք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու պետբյուջեին: Ինչպես նշեց խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, այն չի համապատասխանում առկա մարտահրավերներին և թերի է, քանի որ չի ապահովում զարգացում։ Չնայած հակակրանքի առկայությանը՝  ԲՀԿ-ն ներկայացրել է իր առաջարկությունները պետբյուջեի վերաբերյալ, հայտնեց խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

Պետբյուջեի նախագծի շուրջ կանխատեսելի էր իշխող ՀՀԿ խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյանի հակիրճ գնահատականը. «Դրական ենք գնահատում»։

Ցուցադրել ավելի
Back to top button