Հասարակություն

Նախաքննությունը հայտնվել է փակուղում, հայտարարում են Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորվածի փաստաբանները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբաններն այսօր հայտարարեցին, որ գործը մտել է փակուղի, քանի որ ակնհայտորեն հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել մի մարդու, ով որեւէ կապ չունի տվյալ սպանության հետ: Փաստաբան Նորայր Նորեկյանը հայտարարեց, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, որ իրենց պաշտպանյալը իրականում պարզապես պատանդ է պահվում` իրենց անհայտ նպատակներով։


Նորայր Նորեկյանը շեշտեց, որ նախաքննական մարմնի կողմից իրականացված գործողությունների արդյունքում գեթ մեկ ողջամիտ փաստ ձեռք չի բերվել, որը կհիմնավորեր Արայիկ Պետրոսյանի մասնակցությունը հանցագործությանը: Փաստաբանների գնահատմամբ` գործով նախաքննություն իրականացնող մարմինը ձախողել է օբյեկտիվ քննություն անցկացնելու ու իրական մեղավորին կամ մեղավորներին հայտնաբերելու գործը։  Արդյունքում` նախաքննությունը հայտնվել է փակուղում։

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Արայիկ Պետրոսյանի կալանքի ժամկետն ապօրինի է երկարաձգվում: Նրա խոսքով` իրականացվող գործողություններն էլ պարզապես ձեւական բնույթ են կրում եւ որեւէ բան չեն տալիս գործի բացահայտմանը։ «Այսինքն` ակնհայտ անեմեղ անձի մասին է խոսքը գնում արդեն իսկ»,- ասաց։

Փաստաբան Նորայր Նորեկյանը հայտարարեց, որ իրենք բաց նամակով դիմել են գլխավոր դատախազություն եւ գլխավոր դատախազի հետ հանդիպման թույլտվություն ստանալուց հետո` գործի ամբողջ իրավիճակն ու իրենց ունեցած մտահոգությունները կներկայացնեն նրան։ Հանցագործության բացահայտման առումով մեր շահերը համընկնում են բոլոր նրանց հետ, ովքեր պահանջում են օր առաջ տվյալ հանցագործության բացահայտում, ասաց փաստաբան Նորայր Նորեկյանը` անդրադառնալով հանցագործությունը օր առաջ բացահայտելու պահանջով ՀՅԴ նախաձեռնություններին։

Back to top button