ԿարևորՏեսանյութՏնտեսական

Մյուս տարի կաճեն եւ ՀՆԱ- ն, եւ արտաքին պարտքը. Բյուջե 2014- ի քննարկումները ԱԺ-ում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովում լիագումար քառօրյայի վերջին օրն է: Խորհրդարանը շարունակում է նախօրեին մեկնարկած Բյուջե-2014 նախագծի քննարկումները՝ այդ նպատակով հրավիրելով նաեւ արտահերթ նիստ։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահները, իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»։

Տարեց տարի ավելանում է մեր երկրի արտաքին պարտքը: Այսպես՝ 2012 թվականի  վերջին այն կազմել է 3,738.3 մլն ԱՄՆ դոլար: Ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի՝ անցած 10 ամիսներին այս ցուցանիշը փոքր ինչ աճել է, հասնելով 3,8 մլրդ դոլարի:

Ըստ բյուջեի նախագծի՝հաջորդ տարեվերջին արտաքին պարտքը կաճի ևս 100 մլն դոլարով: Այս իրավիճակին նպաստում է և այն հանգամանքը, որ մեր երկրին արտոնյալ պայմաններով վարկեր չեն տրամադրվի: Հաջորդ տարի արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված է 292 մլն դոլար՝ 235 մլն դոլար մայր գումարի մարման համար և մոտ 57 մլն ԱՄՆ դոլար որպես տոկոսավճար։

Ամեն դեպքում՝ մեր արտաքին պետական պարտքի չափով մենք գտնվում ենք հիմնականում նվազ և միջին պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։ Այսպես՝ հաջորդ տարվա բյուջեում արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 36,1 տոկոսը։

Հաջորդ տարի կանխատեսվում է 5,2 տոկոս ՀՆԱ-ի աճ՝ այս տարվա 4,1 տոկոսի դիմաց: Գործադիրում այս ավելացումը պայմանավորում են շինարարության և արդյունաբերության ոլորտների զարգացմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button