Հասարակություն

Հայաստանում եւս մեկնարկեց «Ռուսական արջուկ» ռուսերենի միջազգային մրցույթը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում և Արցախում կանցկացվի «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ պաշտոնապես կազմակերպվում է Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցում են 305 դպրոց Հայաստանից և 12 դպրոց Արցախից,  2-12-րդ դասարանների 8782 աշակերտներով։ «Այբ» կրթական հիմնադրամ ծրագրի ղեկավար Շողիկ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ տարեց տարի աճում է, ինչի վկայությունը մասնակիցների թվի աճն է։ Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2009-ին` փորձնական ձևաչափում, իսկ արդեն 2010-ից` պաշտոնապես։ Մրցույթն անցկացվում է թեստային առաջադրանքների հիման վրա, որոնք երեխաները լուծում են 75 րոպեում։

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային հայտնի մրցույթի «կրտսեր եղբայրն» է: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի նկատմամբ՝ այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի հմայքն ու հարստությունը: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64 000 դպրոցականների մասնակցությամբ: Արդեն 2010թ.-ին «Ռուսական արջուկին» մասնակցել է 2 մլն 800 հազար երեխա Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Իսրայելից, Արաբական Միացյալ  Էմիրություններից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից և այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի 14-ին:


Ցուցադրել ավելի
Back to top button