ԿարևորՀասարակություն

Հայաստանը կրկին կդիմի «Հազարամյակի մարտահրավերներ»- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ֆինանսավորում ստանալու նպատակով Հայաստանը կրկին դիմելու է «Հազարամյակի մարտահարվերներ» ծրագրի գրասենյակին, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Նման հնարավորություն Հայաստանին տվել է նախորդ ծրագրի իրականացման ընթացքում գրանցած ցուցանիշերը»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Մինչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախապատրաստվում են վաղվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկելու են 2014թ հունվարից մեկնարկող կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչի հետաձգման հարցը, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադառնալով նոր համակարգին, թերևս անուղղակի, սակայն պատասխանեց նաև  նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ վաղվա ԱԺ արտահերթ նիտում նախաձեռնողներն առաջարկելու են կառավարությանը, որպեսզի  նոր համակարգին անցնենք ոչ թե 2014- ին, այլ 2015-ին:

Գործադիր մարմնի ղեկավարը նախ հիշեցրեց, որ  տասը տարի շարունակ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ֆինանսական  միջոցներ են ծախսվել, քննարկումներ են տեղի ունեցել, այդ թվում  նաև ՀՀ նախագահի մոտ ԱԺ պատգամավորների, մասնագետների  մասնակցությամբ  երկու անգամ  ընդլայնված խորհրդակցություններ են հրավիրվել,   լրացուցիչ հանձնարարականներ են եղել,   բոլորի հարցերին  պատասխաններ են  տրվել։ «Բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքող ու մտահոգող հարցերի պատասխանները, որի արդյունքում էլ  ԱԺ-ն ընդունել է մի մեծ օրենսդրական փաթեթ, քանի որ մինչև հունվարի մեկը բավականին քիչ ժամանակ է մնացել, անհրաժեշտ է, որպեսզի մեր պատասխանատուները այս ռեֆորմի համար այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ի շնորհիվ կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել առաջին հերթին այն  քաղաքացիներին, որոնք հունվարի մեկից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին»,- ասաց վարչապետը։

Կառավարության նիստի սկզբում վարչապետը հայտարարեց  նաև, որ  Հայաստանը կրկին ֆինանսավորում ստանալու նպատակով պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գրասենյակին: Հնարավորություն ստեղծվել է, քանի որ հրապարակվող ցուցանիշերում դրական արդյունքներ են գրանցվել։ «Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերներ»- ի գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին  գնահատականները, ըստ որի ՀՀ բոլոր երեք հիմնական չափանիշերով ստացել է  դրական գնահատական,  մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը և այսօր այդ ոլորոտւմ ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը։

«Մի բան է, որ կոռուպցիան նվազել է, մեկ այլ բան է, թե ինչպես  է այն ընկալում հասարակությունը»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Պարզվում է՝  լրատվամիջոցներն են մեղավոր, որ  հասարակությունը չի հավատում, թե մեր երկրում կոռուպցիան նվազել է, այստեղ մենք խնդիր ունենք, ասաց նախարար Թովմասյանը։

Վաղը կեսօրից հետո տրանսպորտի ու կապի նախարարությունում բաց դռների օր է լինելու, այսօր հայտարարեց  նախարար  Գագիկ Բեգլարյանը, նպատակն էլ հետևյալ կերպ ձևակերպեց. «Որպեսզի ընդհանրապես սրանից հետո էլ ոչ մեկը տաքսիների թեման չշահարկի։ Ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ովքեր սխալ ներկայացվել են տարբեր մարդկանց կողմից, մենք հրավիրում ենք նախարարություն և  ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ։ Ես լինելու եմ այնտեղ և անձամբ ընդունելու եմ: Ով ցանկություն կունենա ճշտի և մեկնաբանություններ ստանա մեր կողմից, ու համոզվի, որ ամեն ինչ արվել է հօգուտ տաքսու  վարորդների»։

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակիցիա էին անցկացնում Տերյան փողոցի այն բնակիչները, որոնց տները քանդվել են, քանի որ տարածքը համարվել է իրացման գոտի: Նրանց չլուծված խնդիրներն արդեն տասը տարվա պատմություն ունի։ « Երևանի քաղաքապետարանում մեզ հիշում են միայն նախընտրական շրջանում»,-  ասում էին բնակիչները։

Back to top button