Հասարակություն

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է շաքարախտով հիվանդների թիվը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հայաստանում երիտասարդացող այս հիվանդությունով, ըստ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանի, հաշվառված է 66 հազար հիվանդ, որից ինսուլինակախյալ են 10 հազար 984-ը:  Մասնագետի տվյալներով` դիաբետը մտնում է այն հիվանդությունների եռյակի մեջ, որը գրանցում է մահացության և հաշմանդամության ամենաբարձր  ցուցանիշը:

Դիաբետը վերջին տարիներին, ըստ գլխավոր էնդոկրինոլոգի, արագ տեմպերով աճում է։ Եթե 2000 թվականին ամբողջ աշխարհում հաշվվում էր  մոտ 180 միլիոն դիաբետով տառապող և կանխատեսվում էր, որ 2010-ին կլինի մոտ 300 միլիոն,  այսօր ամբողջ աշխարհում  գրանցված է  350 միլիոն դիաբետով հիվանդ:  Հայաստանում աճի պատկերը գրեթե նույնն է։ 


Թեեւ Հայաստանում հաշվառված է 66 հազար հիվանդ, սակայն իրական պատկերը սա չէ, քանի որ  մեկ բացահայտված հիվանդին բաժին է ընկնում մեկ չբացահայտվածը, որոնց վաղ ախտորոշումը կարևոր է էպիդեմիան կանխելու համար, նշեց Թորոմանյանը; Առողջապահության նախարարությունը  հիվանդներին վաղաժամ ախտորոշելու  ծրագիր է ներկայացրել խորհրդարան։

Հիվանդության զարգացման ռիսկի գործոններից են ժառանգականությունը, արյան բարձր ճնշումը, ճարպային նյութափոխանակության խանգարումները և  գիրացումը, որն առկա է հատկապես երիտասարդների շրջանում, ինչն էլ  ցույց  են տվել տարիներ առաջ առողջապահության նախարարության`  ուսանողների շրջանում  կատարած  հետազոտությունները`   մոտ 30-ից 40 տոկոս երիտասարդներ ունեն  ավելորդ քաշ: Մասնագետը խորհուրդ է տալիս  շաքարային դիաբետով տառապող հիվանդներին սնվել առողջ սննդակարգով, բարձրացնել ֆիզիակական ակտիվությունը և  հետևել դեղորայքային բուժմանը։

Ինսուլինը  շաքարային դիաբետի համար անհրաժեշտ դեղամիջոցն է, որը Հայաստանում բավականին թանկ արժե,  սակայն պետության աջակցությամբ գրանցված շաքարային դիաբետով տառապողները պոլիկլինիկաներից անվճար ստանում են այն: Բայց հաճախ ենք լսում, որ դեղորայքի պակասություն է լինում։ «Այս տարվանից վիճակը կշտկվի։ Ես կարծում եմ հետագայում դա չի լինի: Այս տարի առողջապահության նախարարությանը հաջողվեց անցկացնել մրցույթ, որում շահեց դանիական մի ընկերություն, որն ամենամատչելի գներով կմատակարարի ինսուլին։ Հինգ տարվա ընթացքում էլ ընդհատումներ չեն լինի»,- խոստացավ նախարարը։

Ուշացումներ չեն լինի, քանի որ ժամանակացույցը վերահսկող կլինի և երեք կամ վեց ամիսը մեկ ընկերությունը անհրաժեշտ քանակության ինսուլինը կուղարկի Հայաստան: Մասնագետը վստահեցնում է, որ ներկրվող դեղորայքը ամենաորակյալն է։ Բանակցությունների ընթացքում մատակարարվող ինսուլինի գինն այսօր Հայաստան կմատակարարվի երեք անգամ էժան`մեկ սրվակը 3.3 դոլարով։

 

Ցուցադրել ավելի
Back to top button