Մշակույթ

Սայաթ- Նովայի մոտիվներով Աննա Սիգալի «Հոգու երգեր»- ի համաշխարհային պրեմիերան Երեւանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադոլուր»

Ամփոփելով Արամ Խաչատրյանի  110-ամյակին  նվիրված  Երևանյան 7-րդ  միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայաստանի  պետական ֆիլհարմոնիկ  նվագախումբը շարունակում է իր 2013-14 թթ.  համերգաշրջանը՝ նոր շնչով և ծրագրերով: Դրանցից առաջինը կկայանա  նոյեմբերի 15-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա  մեծանուն դիրիժոր  Լիոր Շամբադալի  ղեկավարությամբ, ով ներկայում հանդիսանում է  Բեռլինի սիմֆոնիկ  նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Լիոր Շամբադալը ծնվել է  Իսրայելում: Իբրև գեղարվեստական ղեկավար և հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ երկրներում: Երևանյան 7-րդ  միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երաժիշտն առաջին անգամ Հայաստանում է: Նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը նրա ղեկավարությամբ  կներկայացնի Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը և «Հռենոսյան» թիվ երեք» սիմֆոնիան, նաև հատվածներ Վագների «Տրիստան և Իզոլդե» օպերայից, բայց երեկոյի ամենասպասված իրադարձությունը կլինի Իսրայելը ներկայացնող  ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սիգալի՝ Սայաթ-Նովայի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված «Հոգու երգեր» ստեղծագործության  համաշխարհային պրեմիերան:

«Յուրաքանչյուր ազգ ունի իր հանճարեղ պոետը, գրողը: Սայաթ- Նովային ես բացահայտել եմ վաղուց, նրա խոսքերով երգաշարը գրել եմ  Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի տպավորության ներքո: Հայ մեծ աշուղի պոեզիան այնքան անմիջական է, խորը և փիլիսոփայական, որ երբ մաեստոր Շամբադալին հայտնեցի  երգաշարիս մասին, նա անմիջապես առաջարկեց   համաշխարհային պրեմիերան  իրականացնել Սայաթ-Նովայի հայրենիքում»,- ասում է Ուկրաինայում ծնված Աննա Սիգալը։

«Այս ստեղծագործությունը յուրօրինակ նվեր է Իսրայելից՝ Հյաստանին: Երկրներ, որոնք պատմական ընդհարություններ ունեն և հոգևոր ոլորտում և որպես ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդ: Պետք է նշեմ, որ Սայաթ- Նովան ոչ միայն ձեր բանասստեղծն է, այլ  պատկանում է ողջ աշխարհին»,- ասում է ազգությամբ հրեա Լիոր Շամբադալը։

Սա նրա առաջին այցն է Հայաստան եւ առաջին աշխատանքը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ «Այս նվագախմբի մասին կարող եմ ընդամենն ասել, որ այն կարիք ունի նոր գործիքների: Շատ ծանր է, երբ հոբոյ նվագողը գալիս է տասնամյակների վաղեմություն ունեցող ճաքած գործիքով ու հարցնում ՝ ինչպե՞ս նվագեմ»,- ասում է Շամբադալը։

 Արվեստում, ինչպես և յուրաքանչյուր բնագավառում, առաջընթաց ապահովելու համար, ըստ դիրիժորի, գումարը էական գործոն է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button