ԿարևորՀասարակություն

«Պահիր աչքիդ լույսի պես». այսօր Կույրերի համաշխարհային օրն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ` նոյեմբերի 13-ը հռչակվել է Կույրերի միջազգային օր: Այդ օրը  պատահական չի ընտրվել. 1745 թվականին նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահայտ ուսուցիչ Վալենտին Գայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն: Մինչ այդ  աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Գայուի գրքերի հիման վրա էլ կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բրայլը հայտնագործել է կույրերի համար բրալյան այբուբենը: 

«Պահիր աչքիդ լույսի պես» արտահայտությունն իրականում ունի շատ խորը իմաստ: Ամբողջ արտաքին աշխարհի ինֆորմացիայի 95-98 տոկոսը մարդ ստանում է տեսողության միջոցով: Հետևաբար օրվա խորհուրդը շատ կարևոր է` այն ուղղված է տեսողության պահպանմանը, կուրության կանխարգելմանը և բուժմանը: Ամբողջ աշխարհում այսօր նշում են Կույրերի միջազգային օրը և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը պատահական չի համարում, որ տեսողության պահպանումը կարևորվում է երեխայի ծնվելու առաջին իսկ օրվանից:

«Այսօր բժշկագիտությունը այնպես է զարգացել, որ հաջողվում է անգամ պահպանել 26-28 շաբաթական պտուղը և նրա կյանքը, բայց երեխան մինչև 40 շաբաթական լիարժեք ձևավորվելը ձևավորվում է նաև ներարգանդային կյանքում նրա տեսողական օրգանը: Ահա թե ինչու եթե 14-16 շաբաթ շուտ է ծնվել երեխան, մեծ խնդիր է դառնում ոչ միայն տեսողական օրգանի կայացման հարցը, այլև լսողական: Վիճակագրությունը հետևյալն է. յուրաքանչյուր տարի հետազոտվում է 500-700 անհաս երեխա, որից 1/3-ի մոտ հայտնաբերվում է անհասության ռետինոպատիա և նրանցից 10 տոկոսի մոտ դեռ ցավոք սրտի դիտվում է տեսողության անվերադարձ կորստի վտանգ»,- այսպիսով՝ կարևորելով ներարգանդային հետազոտությունը` Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ այն տեղեկացնում է վերահաս վտանգի մասին և դրա շնորհիվ նվազել է այն երեխաների թիվը, ովքեր տեսողության խնդիրներ ի ծնե ունեն:

Կույրերի միավորման նախկին ղեկավար Ալբերտ Մուշեղյանի  մոտ ևս կուրությունն ի ծնե չի: Այն առաջացել է 6  տարեկանում, որից հետո մեկ տարի նա իր ուսումն ստացել է տեսողության խնդիրներ ունեցողների դպրոցում: Տարիների ընթացքում նա ոչ միայն համակերպվել է խնդրի հետ, այլև լուրջ ներդրումներ ունեցել կույրերի համար նախատեսված կենտրոնների կազմավորման գործում, նա եղել է Հայաստանում կույրերի միավորմանն առընթեր տպարանի հիմնադիրը: Թեև այսօր շատերը խոսում են կույրերի համար ստեղծվող հարմարություններից և ենթակառուցվածքների առումով հայաստանյան ձեռքբերումներից, այնուամենայնիվ դրանք չեն գոհացնում կույրերի միավորման նախկին ղեկավարին, ավելին՝ փաստում է, որ Խորհրդային Միության տարիներին հարմարությունները շատ ավելին էին, քան այսօր անկախ Հայաստանում։

«Ես մեկն եմ նրանցից, ովքեր միութենական մասշտաբով դիմեցի այն ժամանակ ԽՍՀՄ ղեկավարությանը, որպեսզի ոչ միայն ներքաղաքային տրանսպորտը, այլև միջքաղաքայինը և ավիացիան լինի չտեսնողների համար մատչելի 50 տոկոսի չափով: Ցանկացած կույր կարող էր գնալ օդանավակայան և գտնել իր համար մեկին, գնել նրա համար ևս մեկ տոմս, և նա կդառնար քո ուղեկիցը: Ահա այդպիսի իրավունք էր տրված այն ժամանակ: Ցավոք սրտի՝  Հայաստանի անկախացումով վերացան ոչ միայն այդ արտոնությունները, այլև՝ ներքաղաքային տրանսպորտը: Օրինակ՝ ես աշխատանքի գնալու, գալու համար պետք է վճարեմ 2 անձի փոխարեն»։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին հիմնականում խոսվում է միայն համապատասխան օրերին, և երևի թե պատճառն էլ հենց դա է, որ անգամ համապատասխան ենթակառուցվածքների առումով Հայաստանը շատ դանդաղ է առաջ շարժվում:  Նշենք, որ այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում: Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։ Աշխարհի շատ երկրներում այսօր անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել տեսողության խնդիր ունեցող մարդկանց վրա՝ դարձնելով նրանց հասարակության լիիրավ անդամ։

Ցուցադրել ավելի
Back to top button