Հասարակություն

Որպեսզի ոչ թե հանճարեղները, այլ հանճարեղ գաղափարները երկրից դուրս գան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այն, որ վերջին շրջանում Հայաստանում ավելի շատ են խոսում Մաքսային միության ու ավիաոլորտի ազատականացման մասին, նկատել է անգամ  շոտլանդացի փորձագետ,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի միցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսը: Վերջինս աջակցելու է, որպեսզի մեր երկրում նախապատրաստվող «Հեղինակային իրավունքի մասին»  օրենքը   կատարյալին  հնարավորինս մոտ լինի։

«Հեղինակային իրավունքի մասին » օրենքը վերջին անգամ ընդունվել է 2006թ: Այն ժամանակ այն  շատ արդիական ու  ժամանակակից էր։ Մտավոր սեփականության բնագավառը շատ արագ է զարգանում, ուստի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ էր: Կամ պետք է գործող օրենքը փոփոխության ու լրացման ենթարկվեր, կամ՝ բոլորովին նոր օրենք մշակվեր։ Ընտրվել է վերջին տարբերակը»,- ասում է Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը։

Նախագծի քննարկումները կազմակերպելու է Ինֆորմացիոն տեխնոլոգիանրի ձեռնարկությունների միությունը: Դեռ յոթ  ամիս կա, ուստի շահագրգիռ կողմերը կարող են առաջարկություններ ներկայացնել:  ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են իրենք շահագրգռված, որպեսզի Հայաստանն ունենա Հեղինակային իրավունքի կատարյալին մոտ օրենսդրություն:  Վարդանյանն օրինակ բերեց Սինգապուրը: Այս երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հասույթի 80 տոկոսը գալիս է մտավոր սեփականության վաճառքից։

Հանրային քարոզարշավը ֆինանսավորելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի միցունակության ծրագիրը:  Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսը բարձր է գնահատում Հայաստանի ինտելեկտուալ ներուժը։ «Մենք օգտագործում ենք հետևյալ կարգախոսը, որ Հայաստանը դադարի արտահանել  իր հանճարներին և փոխարենը արտահանի այն հիանալի գաղափարները, որոնք այստեղ ծնվում են»։

Ցուցադրել ավելի
Back to top button