ԿարևորՄիջազգային

Կիեւի համար կարեւորը Մոսկվայի հետ հարաբերություններն են. Գերագույն ռադայի «եվրոպական» նիստը չկայացավ

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը եւ համապատասխանաբար առեւտրային շրջանառության կրճատումը Ուկրաինայի տնտեսության համար զգալի ռիսկ է պարունակում, այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Դրա համար, ընդգծել է նա, Կիեւի համար գլխավորը Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելն է։ Վարչապետի խոսքով, սա ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության հարց է։

«Ազգային տնտեսության համար մեր խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։ Ազարովն ընդգծել է, որ Ուկրաինային ոչ ոք չի առաջարկել ու չի առաջարկի շուկայի կորստի համար փոխհատուցում։ «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը կարող է չօգնել»,- ավելացրել է Ազարովը։

Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների՝ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը հանդիպման ընթացքում (նկատի ունի հանգստյան օրերին կայացած, սակայն չլուսաբանված հանդիպումը. խմբ.) փոխըմռնման են հասել, որ իրավիճակը չի կարող հեռանկարում համապատասխանել երկու երկրների շահերին եւ պետք է մշակել համալիր միջոցառումներ հարաբերությունները կարգավորելու համար։

Նախագահ Յանուկովիչը կառավարությանը հանձնարարել է «միջոցառումներ իրականացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները ապաշրջափակելու համար»,- ասել է Ազարովը, սակայն չի հստակեցրել, թե արդյո՞ք այս միջոցառումներից է նաեւ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարումը։ Հենց այս համաձայնագիրն էր երկու պետությունների միջեւ հարաբերությունների սառեցման անկյունաքարը։

Իսկ ահա Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարն այսօր հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման որեւէ խոչընդոտ չի տեսնում։ Նշելով, որ տեխնիկական խնդիրները լուծված են, առկա են միայն որոշակի քաղաքական հարցեր, ԱԳ նախարարը ասել է, որ «դրանլ չունենք այնքան որոշիչ նշանակություն»։ Էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին էլ այսօր հայտարարել է, որ մինչեւ այս տարվա վերջ Ուկրաինան հրաժարվում է ռուսական գազից։

Միաժամանակ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ այսօր չի կայացել Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ նիստը։ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ պատրաստ չեն քննարկմանը ներկայացվելիք այն երեք օրինագծերը, որոնց ընդունումը ԵՄ կողմից Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու պահանջն է։

Ցուցադրել ավելի
Back to top button