Քաղաքական

Ավելի մեծ բողոքի ակցիա, քան զանգվածային արտագաղթն է, չի կարող լինել, ասում են կին գործիչները

 Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նոյեմբերի 5- ի մահակներով և պայթուցիկներով կազմակերպված ցույցի մասին շարունակում են դիտարկումներն ու մեկնաբանություններ անել քաղաքական և հասարակական գործիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը այն որակել է որպես քաղաքական անտեսվածության և էմոցիաներից բխած  ակցիա:
Իսկ ահա Ուսանողի  օրվան ընդառաջ նոյեմբերի 14- ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էլ կազմակերպում է իր՝ STOP ակցիան՝ նպատակն ունենալով բարձրաձայնել ուսանողի խնդիրների եւ տիրող անարդարության մասին։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ուսումնասիրությունները պարզել են, որ զարգացած  երկրներում ակցիաները կազմակերպվում են ավելի բարեհաջող, քան՝ Հայաստանում: Սեդրակյանը բողոքի բոլոր տեսակները չէ որ ողջունում է, սակայն վերջերս «Ցեղակրոն» կուսակցության նախագահ  Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան իր բոլոր ատրիբուտներով մեկնաբանեց որպես անձի ճգնաժամային բողոք։ Նման իրավիճակը Հայաստանին բնորոշ չէ, սակայն  մենք դրան պետք է մոտենանք մարդասիրական տեսանկյունից, հայտարարեց Սեդրակյանն ու ավելացրեց, որ լավ կյանքից չեն այսօրինակ ակցիաները: Սա ո’չ սոցիալական,  ոչ էլ հասարակական  ակցիա էր, այլ, նրա ձևակերպմամբ, քաղաքական անտեսվածության:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի մեկնաբանությամբ` Շանթ Հարությունյանի կատարածը մարդկանց ուշքի գալու ճիչ էր: Ըստ նրա` ժողովրդի 80 տոկոսը շնչահեղձ է լինում երկրում տիրող ճնշումներից, իսկ 20 տոկոսի ցանկությունը, Խառատյանի ձևակերպմամբ, Շանթի նման իր շնչահեղձության մասին հրապարակային բարձրաձայնելն է: Բանախոսների կարծիքով` բողոքի ակցիան  իր մեջ իրական վտանգ չէր պարունակում։

Ըստ նրանց` Շանթ Հարությունյանը միշտ տուժել է իր քաղաքական հայացքների պատճառով: Այն հայտարարության մասին, թե Շանթ Հարությունյանն իր նախորդ ձերբակալությունից ազատվել էր հոգեպես անբավարար վիճակում, Անուշ Սեդրակյանը ասաց, որ հոգեբանական շեղվածություն պիտակավորելը մեր երկրում  նոր ավանդույթ չէ։

Առաջիկայում  պետք է պահանջել, որ տեղի ունեցած երևույթին վերաբերվեն արդարության և հումանիզմի բարձրագույն տեսանկյունից, հայտարարեց Անուշ Սեդրակյանն ու հավելեց, որ  Շանթ Հարությունյանի նման մարդկային կապիտալներ քիչ ունենք: Խոսելով ապագայում սպասվելիքի մասին` կուսակցության փոխնախագահը նշեց, որ ավելի մեծ բողոքի ակցիա չի կարելի ակնկալել, քան զանգվածային արտագաղթն է։

Խառատյանի ցանկությունն է, որ  Շանթ Հարությունյանն իր դատավարության ժամանակ անդրադառնա իր կոչերի մոտիվացիային: Իշխանությունների կողմից քայլերը կլինեն հասարակակն կարգը խախտող մարդուն դատելը, իսկ  հասարակության կողմից Խառատյանը տեսնում է  այս տրամաբանությունը կոտրելը։ «Դատի դեպքում հասարակությունը պետք է ուժ և կամք գտնի  պահանջելու, որ դատավարությունը ընթանա Շանթ Հարությունյանի վարքի մոտիվացիայի բացահայտումով»:

Այս ակցիայի հետևանքները դեռ չավարտված Երևանում նոյեմբերի 14-ին կմեկնարկի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության STOP երթը: Երթը կլինի ուսանողի օրվան ընդառաջ: Կառավարության կողմից երիտասարդների բազմիցս ուղարկված նամակներն անպատասխան մնալուց հետո, ուսանողները որոշել են իրենց դժգոհությունն այսպես արտահայտել: Տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները երիտասարդներն իրենք են փորձում լուծել: Երիտասարդների թվարկած խնդիրներից մեկը բուհերում դեռևս գործող կոռուպցիան է, որը, ըստ ոլորտը վերահսկողների, պետք է վերանար այս տարի ուսման վարձավճարների բարձրացումից հետո, սակայն փաստը մնում է փաստ, որ այդպես չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button