Հասարակություն

Microsoft- ը Office 365- ից հայկական ՓՄՁ- ները անվճար կօգտվեն չորս ամիս

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից համացանցի հայ օգտատերերի համար պաշտոնապես հասանելի է դառնում Microsoft կորպորացիայի Office 365 ամպային ծառայությունը: Այն նախատեսված է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Այն իրենից ներկայացնում է ծրագրային փաթեթները և ծառայությունները միավորող մի համակարգ, որը նախատեսված է  լավագույն միասնական կապի և համատեղ աշխատանքի կազմակերպման համար: Այն տրամադրվում է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան  բաժանորդագրման միջոցով: 
Տնային օգտատերերի համար տրամադրվում է  Microsoft Office Professional Plus ծրագրային փաթեթը, «Skype» ծրագրով միջազգային զանգերի հնարավորություն, «SkyDrive» ամպային ծառայության, իսկ կազմակերպություններին նաև էլեկտրոնային փոստի, փաստաթղթերի, կոնտակտների և օրացույցների հետ աշխատանքի, աուդիո-վիդեո կոնֆերանսների կազմապերպման և կառավարման ամպային ծառայություններ։

Ըստ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի՝ այս ծառայության ցանկացած  սպառող լինելով թե մեծ կազմակերպության, թե միջին ու փոքր ձեռնարկության աշխատող և թե պարզապես անհատ, կարող է օգտվել փաթեթի հնարավորություններից աշխարհի ցանկացած կետում թե անհատական համակարգչից, թե բջջային հեռախոսից։

Մեր երկրի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված է քառամսյա անվճար օգտագործման փորձնական շրջան,  նշեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրենը: Դեռևս ծառայությունը հասանելի չէ հայերենով։

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան դաշտում հեղինակային  իրավունքների պահպանման վիճակին՝ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ պիրատության մակարդակը վերջին 7 տարիների ընթացքում նվազել է 98 տոկոսից 87 տոկոս։ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրենը հերքեց Windows 8.1 օպերացիոն համակարգի անհաջողության մասին հայտարարությունները։ Ինչպես պարզվեց, այսօր ներկայացված առցանց ամպային ծառայությունը համատեղելի է վերջին սերնդի օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button