Մշակույթ

Տերևաթափ ծիրանենի, որի ճյուղերից մեկը ճեղքում է խաչքարի շրջանակն ու կանաչում. Մաքյլ Արամի հայկական ինքնությունը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Մայքլ Արամի անունը ԱՄՆ- ում հայտնի է բոլոր նրանց, ովքեր սիրում են տունը ձևավորել գեղեցիկ իրերով, մատուցել նրբաճաշակ սպասքով  հյուրասիրություն և կենցաղում կիրառել ինքնատիպ առարկաներ։ Արհեստով հյուսված նրա արվեստի գործերը ներկայացված են ամերիկյան հայտնի խանութների կատալոգներում ու սրահներում: Ճանաչված հային վաղուց արդեն գիտեն նաև ԱՄՆ սահմաններից դուրս: Երկրորդ սերնդի ամերիկահայը թեև չի խոսում հայերեն, սակայն ինչպես ինքը բնորոշեց, մեծացել է հայազգի զույգի ամերիկացած ընտանիքում, բայց իրեն համարում է իսկական հայ, ով կրում է վանեցի արվեստասեր Արամ պապի գեները:

«Ինձ համար կարևոր է հավատարիմ մնալ ինքնությանը.իմ ընտանիքը, հավատը, ընտանիքի պատմությունը, Արևմտյան Հայաստանից եկող արմատները. այդ ամենն ազդել են իմ ստեղծագործության վրա: Կհամաձայնեք, որ բոլորս` իբրև հայ երեխաներ, մեծանում ենք հայկական կարպետներով շրջապատված. այդ գույները, մոտիվները, պատկերները ամենախոր ազդեցությունն են թողնում մեզ վրա: Հենց դրանք էլ արտահայտված են իմ գործերում»,- ասում է դիզայները:

Արարատ լեռը, նուռը, Նոյի աղավնին` ձիթենու ճյուղով Մայքլ Արամի հավաքածուների գլխավոր շեշտն են: Թերևս այդ պատճառով նրա գործերը հատկապես հարազատ են ամերիկահայ տիկնանց: Նրանց համար դիզայները սուրճի ամբողջական սպասք է ստեղծել` ներշնչվելով հայկական ընտանիքի ամենասիրած ավանդույթից: «Մենք` հայերս, սրում ենք հյուրեր, և սիրով ու հարգանքով շրջապատում նրանց, գեղեցիկ սեղան բացում, մատուցում հայկական համեղ ուտելիք` գեղեցիկ սպասքով։ Այդ ամենը գալիս է մեր մեջ խոր նստած ազգային մշակույթից: Այն, որ իմ աշխատանքներում գերակշռում են սեղանի հետ կապված իրերը, գալիս է իմ հայկական ընտանիքից։ Ամեն կիրակի մեր տանը հավաքվում էին մեր ընկերները` մորս պատրաստած ընթրիքի սեղանի շուրջ: Չնայած ընտանիքս ամերիկացած էր, բայց պահել էր տատիս-պապիս ընտանեկան ավանդույթները»,- նշում է դիզայները:

Մայքլ Արամի և հոր և մոր կողմի տատն ու պապը հրաշքով են փրկվել ցեղասպանությունից, գաղթել են ԱՄՆ, հաստատվել Բոստոնում: Մայքլն ասում է, որ ինչպես շատ վերապրողներ, նրանք նույնպես չէին սիրում պատմել ցեղասպանության մասին: Սկսել են խոսել միայն մահից առաջ` թոռներին պատկերացում տալու, թե ինչ է տեղի ունեցել,  և հորդորել են հարազատ մնալ հայկական ինքնությանը, երբեք չգնալ Թուրքիա և անպայման այցելել հայրենիք։

«Մենք` հայերս, կարիք ունենք պատմել մեր պատմությունը, մարդկանց տեղեկացնել կատարվածին և հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Գուցե երբեմն անզոր ենք զգում, երբ չենք հաջողում միանգամից հասնել դրան, բայց պետք է հասկանանք, որ այդ գործը բոլորիս անելիքն է. ամեն մեկս պետք է այդ ուղղությամբ աշխատի` արվեստագետն իր միջոցներով, լրագրողը կամ քաղաքագետը` իր: Ես դա փորձում եմ անել իմ գործերի միջոցով: Օրինակ` ստեղծել եմ հայկական խաչքար, որի ներսում տերևաթափ ծիրանենի է, բնի մոտ`չոր տերևներ, բայց ճյուղերից մեկը ճեղքել է խաչքարի շրջանակն ու կանաչել: Դա խորհրդանշում է ցանկացած բարդ իրավիճակում հայի ապրելու կամքն ու կարողությունը, ինչի շնորհիվ մենք փրկվել ենք ամենադաժան իրավիճակներում, չենք վախենում հաղթահարել ամեն դժվարություն, ինչի շնորհիվ ինքս հավատացել եմ իմ ուժերին ու հաջողել»,- ասում է Արամը։

Մայքլ Արամի հավաքածուները վաճառվում են աշխարհով մեկ` 600-ից ավելի վայրերում, շուտով նաև` Հայաստանում: Անսալով Արամ պապի հորդորին` հայրենիք է եկել դեռևս 30 տարի առաջ, կրկին վերադարձել Երևան 20 և տասը տարի առաջ: Հաջորդ այցը ծրագրում է 2014-ի մայիսի 28-ին: «Շատ տպավորվել էի, երբ առաջին անգամ Արարատ լեռը տեսա, որի պատկերը միշտ մեր տան պատին էր` մեր հայրենիքի խորհրդանիշը: Վերջին այցիս ժամանակ արդեն այլ Հայաստան տեսա. ուրախ եմ, որ երկիրը զարգանում է, մարդիկ փոխվել են, միջազգային հանրության մաս կազմել: Հայաստանն ինձ համար նաև նոր ներշնչանքների վայր է` նոր մոտիվների ու թեմաների ակունք»,- նշեց դիզայները:

Մայքլ Արամն ապրում է Նյու Յորքում, աշխատում` Հնդկաստանում,որտեղ էլ անցկացնում է տարվա մեծ մասը: Այնտեղ բացահայտել է մետաղագործական արհեստի նոր հմտություններ, որոնք կիրառում է իր աշխատանքներն ստեղծելիս: Մտադիր է առաջիկայում արտադրություն սկսել նաև Հայաստանում` վստահելով հայ վաարպետների ձեռքի հմտությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button