Միջազգային

Սահակաշվիլին անձնագրեր է բաժանում. հերթ են կանգնել հայերը, ազերիները, իրանցիները, անգամ ՌԴ- ից ու ԱՄՆ- ից

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանի նախագահի պաշտոնը լքող Միխայիլ Սահակաշվիլին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Վրաստանի քաղաքացիություն ստանալ, օրերս կոչ արեց դիմել նախագահի վարչակազմ: Գործող նախագահը ցանկացողներին վրացական անձնագրեր բաժանելու իր ցանկությունը բացատրել է երկրի տնտեսության մասին իր հոգատարությամբ: Սահակաշվիլին ասել է, որ մինչ այդ քաղաքացիություն ստանալ ցանկացողներից շատերը արդարադատության նախարարության կողմից մերժվել են և այժմ ինքը օգտվելով իր բացառիկ իրավունքից դա անում է դյուրացված կարգով:

Մի քանի օր է հազարավոր քաղաքացիներ են հավաքվում Վրաստանի նախագահի նստավայրի մոտ քաղաքացիություն ստանալու նպատակով: Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ աֆրիկյան երկրներից, Իրանից, Ռուսատանից, նույնիսկ ԱՄՆ-ից եկածները, սակայն հիմնականում դիմումները հարևան երկրներից են` Ադրբեջանից ու Հայաստանից։

Բազմաթիվ վիրահայեր, ովքեր վերջին տարիներին ստացել են Հայաստանի քաղաքացիություն, ինքնաբերաբար զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Այսօր նրանք փորձում են օգտվել հնարավորությունից` վերականգնել իրենց քաղաքացիությունը։ «Ես ծնվել և այժմ էլ ապրում եմ Վրաստանում: Մի քանի տարի առաջ ստացա նաև Հայաստանի քաղաքացիություն և մի անգամ հատելով հայ-վրացական սահմանը հայկական անձնագրով, զրկվեցի Վրաստանի քաղաքացիությունից», — ասում է Մարինեն։

Բազմաթիվ իրանցիներ էլ ասացին, որ Վրաստանում զբաղվում են գործարարությամբ, սովորում են նաև վրացերեն ու ցանկանում են լինել այս երկրի քաղաքացի, «որովհետև մեզ համար ավելի հեշտ կլինի գալ Վրաստան ու հետ գնալ: Այսօր դեռ դժվար չէ իրանական անձնագրով հատել վրացական սահմանը, սակայն մենք մտածում ենք ապագայի մասին. վաղը հնարավոր է դժվար լինի. սա քաղաքական հարցերի հետ է կապված»,- ասում են իրանցի գործարարները։

Սակայն Սահակաշվիլիի՝ բոլոր ցանկացողներին  վրացական անձնագրեր բաժանելու նախաձեռնությունն անհագստացնում է նոր իշխանության ներկայացուցիչներին: Մոտ ապագայում խորհրդարանը անդրադառնալու է այդ խնդրին: «Մենք խիստ ազատ վիզային ռեժիմ ունենք: Այդ կարգը փոխվելու է», -հայտարարել է արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն։

Այս իրադարձությունների ֆոնին մի խումբ ազգայնականներ էլ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով փակել Վրաստանում գործող թուրքական ու իրանական ռեստորաննները: Նրանք ուշ երեկոյան հավաքվել են Ահմաշենեբելի պողոտայում, որտեղ մեկը մյուսի հետևից թուրքական ու իրանական ռեստորաններ են, խանութներ, հյուրանոցներ…

Հավելեմ, որ Միխայիլ Սահակաշվիլին իր լիազորությունները վայր կդնի մի քանի օրից` նորընտիր նախագահ, «Վրացական երազանք»- ի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Այն տեղի կունենա նոյեմբերի 17–ին։

Ցուցադրել ավելի
Back to top button