ԿարևորՀասարակությունՍպորտ

Ուրախացանք Դանիայի դեմ հաղթանակով. Ուրուգվայի հայազգի նախարարը ֆուտբոլասեր է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը: Նա այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա: Երկու նախարարները ներկա են գտնվել դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային: Հանդիպման ընթացքում հայազգի պաշտոնակիցները  քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ծրագրերը, խոսել են նաև որոշ մարզաձեւերում փորձի փոխանակման, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացնելու շուրջ:

Հայաստանում է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար, ուրուգվահայ հասարակական, քաղաքական, պետական գործիչ Լիլիամ Քեշիշյանը: Այսօր նա, ՀՀ սպորտի նախարարի ուղեկցությամբ, այցելեց շախմատի ակադեմիա, շրջեց շենքում և հետևեց դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային: Ողջունելով շախմատի դասավանդումը դպրոցներում որպես պարտադիր առարկա, նա նշեց, որ Ուրուգվայում էլ արդեն մեկ տարի է բոլոր դպրոցներում պարտադիր առարկա է դարձել ֆիզիկական կրթությունը:

Ուրուգվայի նախարարը նշեց, որ ինքը ֆուտբոլի մեծ սիրահար է և հետևում է նաև հայկական ֆուտբոլային հաջողություններին։ «Մենք շատ ուրախացանք Դանիայի ընտրանու դեմ տարած հաղթանակով: Ուրուգվայում նույնպես կան լավ հայ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ: Ինձ բախտ է վիճակվել նաեւ լինել Լոնդոնի օլիմպիական խաղերին, որտեղ մեծ ոգեւորությամբ  ծափահարում էի Հայաստանին: Այո, վերջին շրջանում Հայաստանի հավաքականը շատ մեծ առաջընթաց է ապրել, ու թեև  չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը, այնուամենայնիվ՝ Հայաստանի հավաքականը գտնվում է համաշխարհային խաղերի ճանապարհին»,- ասաց նա։

Ի դեպ՝ լինելով մեծ հայասեր` Լիլիամ Քեշիշյանը հայերեն չի խոսում և գիտակցում է, որ դա իսկապես մեծ բացթողում է իր կյանքում։ «Հայրս հայ է, իսկ մայրս՝ Ուրուգվայից: Մեզ մոտ երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են մայրերը, դա է պատճառը, որ ես հայերեն չգիտեմ»,- ասաց։

Նշենք նաև, որ հենց  Լիլիամ Քեշիշյանի ջանքերի շնորհիվ Ուրուգվայը դարձավ առաջին պետությունը, որը ուղիղ կապեր հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ՝ խորհրդարանական մակարդակով։ Նրա շնորհիվ վերացել է Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ վիզային ռեժիմը:

Ցուցադրել ավելի
Back to top button