Հասարակություն

Հանձնաժողովում տրանսպորտի անխուսափելի թանկացման մասին խոսք չի եղել, մինչդեռ քաղաքային իշխանությունը խոսում է թանկացման անխուսափելիության մասին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի տաքսու վարորդները շարունակում են պահանջել տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նրանք պնդել են, որ ավելի քան մեկ տարի իրենց կողմից բարձրացված խնդիրները շարունակում են առկախ մնալ: Վարորդները շեշտել են, որ ոլորտում տիրող անհասկանալի իրավիճակի ու չհամակարգված լինելու պատճառով շուրջ 7 մլրդ դրամ չի մտնում պետական բյուջե:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` պատասխանատուները չեն կարողանում ընդհանուր խաղի կանոններ սահմանել ու հավասար դաշտ ապահովել բոլոր տաքսիների համար: Ոլորտն անկանոն ու անհասկանալի իրավիճակում է հայտնվել, անհնար է հասկանալ օրինականն ու անօրինականը, շեշտեց բանախոսը։

Տաքսու վարորդները նկատեցին, որ անկանոն ու անհասկանալի իրավիճակի պատճառով ավելի քան 3 հազար վարորդ, փաստորեն, դուրս է մնացել օրինական դաշտից եւ որեւէ գումար պետական բյուջե չի վճարում: Մինչդեռ` նրանց ցանկությունն է, որ հստակեցվի ամեն ինչ ու բոլորի համար սահմանվեն հավասար պայմաններ ու հավասար խաղի կանոններ: Խոսքն անհատ տաքսու վարորդների մասին է:

Լեւոն Մարկոսյանի խոսքով` ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան գտնել այնպիսի աշխատանքային պայմաններ, որը ձեռնտու լինի եւ տաքսու վարորդներին, եւ պետությանը:

Խնդրահարույց է ոչ միայն Երեւանի տաքսու, այլ ընդհանրապես քաղաքային հասարակական տրանսպորտի վիճակը։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր հայտարարեց, որ այլեւս չի մասնակցի Երեւանի քաղաքապետարանում ձեւավորված տրանսպորտի հանձնաժողովի աշխատանքներին:

Ստեղծված այդ հանձնաժողովը պետք է քննարկի եւ հիմնավորի ներքաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության անհրաժեշտությունը, կամ` պատճառաբանի նույնը թողնելու հնարավորությունը, մինչդեռ, ըստ հանձնաժողովից հեռացած Պիպոյանի, մայրաքաղաքային իշխանություններն արդեն հայտարարել են ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին` չունենալով հանձնաժողովի որեւէ եզրակացություն:

Հանձնաժողովում տրանսպորտի անխուսափելի թանկացման մասին խոսք չի եղել: Նման պարագայում, նրանք, ովքեր խոսում են դրա մասին, տրանսպորտային ոլորտը լավ չեն պատկերացնում եւ չգիտեն, թե ինչ է նշանակում պետական  քաղաքականություն, շեշտեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Բաբկեն Պիպոյանը, մանրամասն ներկայացնելով իր կատարած ուսումնասիրությունների արդյունքներն` ըստ պաշտոնական թվերի, եզրահանգեց, որ տրանսպորտի սակագնի անխուսափելի  թանկացման բերող ոչ մի հիմնավորում չկա: Նա շեշտեց, որ նույնիսկ 100 դրամով երթեւեկելու դեպքում շահույթ կարելի է ստանալ, իսկ գերծանրաբեռնված գծերում՝ գերշահույթ։

ՀԿ նախագահի խոսքով` եթե հանձնաժաղովում բարձրացվող հարցերին պատասխաներ չեն տրվելու, իսկ հանձնաժողովի տեսակետները քաղաքային իշխանություններին հետաքրքիր չեն, ապա` հանձնաժողովը հանրությանը ոչինչ չի կարող տալ: Բաբկեն Պիպոյանը նույն հիմնավորմամբ կոչ է անում, որ հանձնաժողովի մյուս անդամները նույնպես դուրս գան կառույցից:

Ցուցադրել ավելի
Back to top button