Հասարակություն

Թմրամոլների թիվը Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, աճում է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  վերջին տարիներին նկատվում է  ապօրինի թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակի աճ  և  թմրամիջոցների նոր և  վտանգավոր տեսակներրի տարածում: Սա փաստում է նաև այսօր ներկայացված «Թմրամիջոցների վերաբերյալ  ազգային զեկույցը»։

Որակյալ համաճարակաբանական հետազոտությւնների և   ուսումնասիրությունների  բացակայության պատճառով այսօր դժվար է ստանալ   հանրապետությունում թմրամիջոցների  օգտագործման վերաբերյալ իրավիճակի օբյեկտիվ և  լիարժեք պատկեր։ Գնահատման  գլխավոր աղբյուրը   նարկոլոգիական ծառայությունների կողմից  թմրամիջոցներ օգտագործողների   հաշվառման վերաբերյալ տվյալներն են: Եղած սուղ և աղքատիկ տվյալները հավաքագրելով և վելուծելով «Թմրամիջոցների վերաբերյալ  ազգային զեկույց»- ի հեղինակները նշում են, որ հաշվառված  թմրամիջոցներ օգտագործող անձանց մեջ գերակշռում են 28-49 տարեկան անձինք: Կանանց մասնաբաժինն այս ցանկում կազմում է   1.2  տոկոս:

Երիտասարդների շրջանում   ապօրինի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ ամենավերջին հետազոտությունն իրականացվել է  2007 թվականին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի կողմից: Հարցման արդյունքները փաստել են, որ եվրոպական երկրների համեմատ դեռահասների շրջանում  թմրամիջոցների օգտագործման ցուցանիշն անհամեմատ ցածր է։ Հայաստանի գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանի  խոսքով՝ թմրամիջոցների օգտագործման և տարածման ցուցանիշներով Հայաստանն ընդհանուր առմամբ բարենպաստ և հուսադրող վիճակում է, բայց ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում տարեց տարի նկատվում է  ապօրինի թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակի աճ  և  թմրամիջոցների նոր և  վտանգավոր տեսակների տարածում։

Մարդիկ թմրանյութեր օգտագործում են հաճույք ստանալու նպատակով և ընկնում մեծ կախվածության մեջ: Հանրապետության գլխավոր նարկոլոգն ասում է՝ անձը կարող է ամբողջությամբ ազատվել կախվածութունից, եթե անցնի բուժման լիարժեք կուրս: Մասնագետներն այս դեպքում երաշխավորում են 100 տոկոսանոց արդյունք։

Վերջին տարիներին նկատվում է նարկոլոգիական բուժման դիմողների թվաքանակի կտրուկ աճ, ինչը դրական ցուցանիշ է: Նշենք, որ ՀՀ քաղաքացիների համար  նարկոլոգիական բուժօգնությունն իրականացվում է  անվճար՝ պետպատվերի հիմունքներով։

Ցուցադրել ավելի
Back to top button