ԿարևորՔաղաքական

VIPաշխատավարձերի օրենքն ընդունվեց. կողմ էին ՀՀԿ- ն ՕԵԿ- ն ու ՀՅԴ- ն (լրացված)

լրացված է ժամը 18։56- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր  69 կողմ, 31 դեմ , 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը: Օրենսդրական փաթեթին կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ինչպես նաև ՀՅԴ-ն:  Դաշնակցություն խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ- ն տարիներ շարունակ պաշտպանել է միասնական աշխատավարձերի գաղափարը, ուստի կողմ է  քվեարկելու։ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություննեը մինչեւ քվեարկությունը  հայտարարել են, որ  դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ դրանով էականորեն բարձրանում են  բարձրաստիճան պաշտոնյաների, նաև պատգամավորների  աշխատավարձերը:

Հերթական քառօրյայի աշխատանքն Ազգային ժողովն սկսեց նախորդ քառօրյայում բուռն քննարկման արժանացած, բայց չքվեարկված օրինագծից: «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկելուց առաջ խմբակցությունները ներկայացրին, թե ինչպես են  քվեարկելու և ինչու:

Թե ինչու է ՀԱԿ-ը դեմ  նախագծին,  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսպես բացատրեց.  «Անընդունելի ենք համարում կոռուպցիայի մեջ թաղված երկրի ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը մի վիճակում,  երբ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ, երբ ներքևի օղակների հազարավոր պաշտոնյաներ ստանալու են խղճուկ հավելումներ»։

«Ժառանգությունը» նույնպես դեմ է աշխատավարձերի միասնական սանդղակին, ավելին ՝ կառավարության առաջարկը  անբարոյական է համարում։ «Այն պարագայում,  երբ 1 մլն-ից ավելի մարդ այսօր Հայաստանում աղքատ է, նման օրինագծին կողմ քվեարկելը անբարոյականություն է»։

ՀՅԴ-ն դեմ է նման  որակումներին, կարծում է, որ դրանցով  թյուր պատկերացում է ձևավորվում, թե օրինագիծը միայն բարձրաստիճան պաշտոնյաներին համար է: Վերնագիրը ճիշտ կարդացեք՝ գործընկերներին հորդորեց Աղվան Վարդանյանը։ «Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս օրենքին՝ իբրև առաջին քայլ: Մենք վստահ ենք, որ սրանով պետական ծառայություն իրականացնող մարդկանց աշխատավարձերն ենք կարգավորում, ոչ  թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց»։

Ալեքսանդր Արզումանյանը ճշգրտեց. խոսքը 165 հազար պետծառայողների մասին է, բարձրաստիճանները նրանց թվում հազիվ 600-ն են, պատգամավորներն էլ նրանցից 131-ը: Ուրեմն ճիշտ չէ պնդումը, թե պատգամավորները հավաքվել ու իրենք  իրենց աշխատավարձերն են բարձրացնում։

ԲՀԿ-ն կողմ է  160 հազար քաղծառայողի աշխատավարձերի բարձրացմանը, բայց ավելի մեծ գործակիցներով, քան՝ ներկայացված է նախագծում: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի  բարձրացումն այս պահին խմբակցությունն անընդունելի է համարում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Արդյունքում՝ աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ ենթադրող ու միասնական սանդղակի ներդրում նախատեսող  օրենսդրական փաթեթն ընդունվեց ձայների 69 կողմ, 31 դեմ , 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Խորհրդարանական օրվա  մյուս թեման ՎՊ նախագահի թեկնածության քննարկումն էր: Նոյեմբերի 5-ին ավարտվել է այս պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը, առաջիկա 6 տարիներին այս կառույցը ղեկավարելու համար հանրապետության նախագահը կրկին առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, իսկ նրան ՎՊ նախագահի պաշտոնում վերանշանակելու լիազորությունը խորհրդարաննին է։ Իշխան Զաքարյանի ելույթը հակիրճ էր, նոր ասելիք առանձնապես չկար, ասաց, որ բոլոր հարցերը մանրամասն քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ նախապես ունեցած հանդիպումների ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն այս առիթով  արձանագրեց.  Իշխան Զաքարյանի թղթերի տրցակը բարակել է, ձայնի տոնը՝ նույնպես,  ասելիքն էլ կարծես քչացել է: Փաշինյանը հիշեցրեց, որ ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանում կրքերը թեժացել էին, առիթը ՎՊ հերթական հաշվետվությունն էր, որը բյուջետային միջոցներից 700 մլրդ դրամի անարդյունավետ տնօրինում էր արձանագրում։ «Ընդամենը հինգ ամիս առաջ դուք այստեղ մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր ձեր մեղադրանքներին: Դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունն իր բացատրություններն էր տալիս։ Հիմա ի վերջո ի՞նչ եղավ: Այն կաբելը, որ ամիսներ առաջ բերել էիք, այսօր բերե՞լ եք, և այդ կաբելի հետ կապված ի՞նչ եզրակացության եք հանգել»,- հարցրեց Փաշինյանը: Խնդիրը մալուխի մեջ չէ, և ավելի լուրջ է, ի պատասխան ասաց Զաքարյանը:

Խմբակցություններն այսօր ներկայացրին այն դիրքորոշումները, որոնցով պատրաստվում են մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը: ՀՅԴ-ն քվեարկությանը չի մասնակցի, ինչպես խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանկմյանն ասաց, իրենց մասնակցությունն անիմաստ են համարում։ «Մենք չենք մասնակցելու այս քվեարկությանը, որովհետև ամեն ինչ պարզ է»։

ՀԱԿ-ը նույնպես դեմ է, բայց հորդորում է իր դիրքորոշումն ընկալել որպես վերաբերմունք գործող համակարգի նկատմամբ:

ԲՀԿ-ն կառույցի անկախության հետ կապված վերապահումներ ունի,   բայց պաշտպանում է Իշխան Զաքարյանի թեկնածությունը։ Կոալիցիոն կուսակցությունները նույնպես: Գալուստ Սահակյանը միաժամանակ փորձեց  փարատել նաև մտավախությունը, թե ՎՊ հաշվետվություններն այլևս սուր չեն լինի։

Իշխան Զաքարյանին երկրորդ անգամ ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու որոշումը խորհրդարանը կկայացնի փակ գաղտնի քվեարկությամբ, թե ինչ արդյունքներով՝ պարզ կդառնա վաղը: Քվեարկությունը նախատեսված է վաղը ՝ 12.00-ից 13.00- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button