Հասարակություն

Մտավորականները պահանջում են փոխվել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր մի խումբ մտավորականներ հանդես են եկել բաց նամակ- երաշխավորագրով` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել դերասան  Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը` անձնական երաշխավորությամբ` հաշվի առնելով այն, որ վերջինս  գտնվում է առողջական եւ հոգեբանական ծանր վիճակում: Երաշխավորագիրը ստորագրել են շուրջ երեք տասնյակ մտավորականներ, որոնցից մի քանիսը հադիպեցին լրագրողների հետ։


Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի  տնօրեն Ռուբեն Բաբայանը նախ խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, ապա անդրադառնալով խափանման միջոցին նշեց, որ Վարդան Պետրոսյանը եւս տուժել է, տարել է վիրահատություններ:  Եվ այսօրվա բաց նամակ-երաշխավորագրի հիմանական նպատակն այն է, որ իրենք ոչ թե պահանջում են չդատել Վարդան Պետրոսյանին եւ խուսափել իրավական պատասխանատվությունից, այլ՝ փոխել խափանման միջոցը, քանի որ Վարդան Պետրոսյանն այն մարդը չէ, որը կխուսափի պատասխանատվությունից։ «Մենք ի՞նչ ենք սպասում արդարադատությունից` արդարադատությո՞ւն, թե՞ դաժան վերաբերմունք։ Ինչպես այսօր վարվում են դերասանի հանդեպ, շատ հեռու է արդարադատությունից»,- ասում է Ռուբեն Բաբայանը։

Դերասան Միքայել Պողոսյանի խոսքով՝ նման պատմություն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, որեւէ մեկն ապահովագրված չէ դրանից:  Նրա վրա ամենից շատ ազդել էր Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ «տեղի է ունեցել ողբերգություն, որի կրողները երկու կողմում են», և իրենց վերաբերմունքն այսօր բարոյաիրավական տեսանկյունից է:Վերջինս նշեց, որ «մեր երկրում  մարդիկ  մտադրված սպանություններ են գործում եւ մարսում են»։

Արվեստագետներին, մեղմ ասած, զայրացրել էր գործը քննող  քննիչի վերաբերմունքը: Նրանք բոլորն էլ միաբերան պնդում էին, որ Վարդան Պետրոսյանին ծաղրի ենթարկած քննիչի հանդեպ պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի։

Իսկ արդյո՞ք այս ամենի մեջ արվեստագետները տեսնում են քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով Վարդան Պետրոսյան արվեստագետի ազատ միտքն ու  խոսքը, իսկ արդեն վերջին շրջանում նրա ելութներն ընդդիմադիր գործիչների հանրահավաքներում։ Թատերագետ Արա Խզմալայանը նշում է, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ եղածին քաղաքական ենթատեքստ տալը շատ կնեղացներ այն շրջանակը, ինչ կատարվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button