Մշակույթ

Թատրոնում աշխատելու համար խելառ պետք է լինել

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թատրոնում այսօր խելառներ են աշխատում, դերասանների մեծ մասը ստանում է հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 45 հազար դրամ, բայց դա նրանց չի խանգարում ամեն օր հաճույքով մտնել թատրոն ու  սիրով և պրոֆեսիոնալիզմով կատարել իրենց աշխատանքը,  վստահեցնում են թատերական գործիչները: Հայ թատրոնի խնդիրները, սակայն, ցածր աշխատավարձով չեն սահմանափակվում: Կոնկրետ իրենց թատրոններում առկա խնդիրների մասին այսօր լրագրողների հետ կիսվել են  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն  Կարո Շահբազյանը։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնը վերջին անգամ հիմնանորոգվել է 1962 թվականին:  Թե  տարիների ընթացքում ինչ վիճակում կարող էր հայտնվել թատրոնն իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, դժվար չէ պատկերացնել: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն ասում է, որ բեմի սարսափելի վիճակի պատճառով վերջերս թատրոնի աշխատանքները 1.5 ամսով դադարեցվել են։ Մայր թատրոնն ունի երկու ջրագիծ, որոնք վաղուց փտել են: Չվերանորոգելու դեպքում մայր թատրոնն առաջիկայում պարզապես ջուր չի ունենա:

Շենքային պայմանների առոմով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բախտը բերել է: «Թատրոնը վերանոգվել է երեք տարի առաջ: Շենքային պայմանները հրաշալի են»,- ասում է տնօրեն Կարո Շահբազյանը՝ միաժամանակ թվելով այն խնդիրները, որոնք խանգարում են կոմեդիայի թատրոնի լիարժեք երջանկությանը։

 

Այդ խնդիրներն ընդհանուր են հայաստանյան բոլոր թատրոնների համար.  Կարո Շահբազյան այսօր հիշեց խորհրդային ժամանկներն ու իր դպրոցական տարիները, երբ գրեթե զոռով աշակերտներին թատրոն էին տանում։ «Առաջին երկու- երեք ներկայացումներին  մի կերպ էինք նստում, անգամ խանգարում էինք, բայց հետո ընտելանում էինք, ավելին՝ թատրոնը  մեզ  համար մի տեսակ պահանջ էր դառնում»,- ասում է։

Դպրոցներում տոմսեր վաճառելու արգելքը թատերական գործիչները քաղաքապետարանի լավագույն որոշումներից չեն համարում:  «Այսօր չունենալով մեր դպրոցական հանդիսատեսին, մենք չենք կարող ձևավորել վաղվա թատերասեր չափահաս հանդիսատեսին»,- ասում է մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը։

Անդրադառնալով թատրոնի մարդկանց սոցալական վիճակին՝ Կարո Շահբազյանն ասում է. «Թատրոնում այսօր խելառներ են աշխատում, դերասանների մեծ մասը ստանում է հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 45 հազար դրամ, բայց դա նրանց չի խանգարում ամեն օր հաճույքով մտնել թատրոն ու  սիրով և պրոֆեսիոնալիզմով կատարել իրենց աշխատանքը»։

Ցուցադրել ավելի
Back to top button