ԿարևորՔաղաքական

Արարատում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ- ական անկուսակցական Հայկ Հայկյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արարատի քաղաքապետի երեկ կայացած ընտրություններով, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը։ Նա ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանից առաջ է անցել 331 ձայնով։ ՀՀԿ թեկնածուն ստացել է 4541 ձայն, իսկ ԲՀԿ թեկնածուն 4210: Անվավեր քվեաթերթիկները 157-ն են: Ըստ պաշտոնական տվյալների՝ Արարատ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67.57 տոկոսը։

Այսօր արդեն Արարատում հարաբերական անդորր է: Անդորր, քանի որ նախորդ շաբաթները Արարատի մարզի  նախընտրական այս համայնքում բավականին թեժ էին: Քաղաքական երկու ուժեր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար:  Թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցական Հայկ Հայկյանը, ում առաջադրել էր ՀՀԿ-ն  և ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բարսեղյանը: Քարոզարշավի ողջ ընթացքում ,  այսպես ասենք, հակառակորդ կողմերը միմյանց հասցեին,  մեղմ ասած քննադատություններ ու մեղադրանքներ էին հնչեցնում:

Արդեն երեկ՝ ընտրությունների օրը ԶԼՄ-ների՝  մասնավորապես օպերատորների աշխատանքների խոչընդոտում,    կուտակումներ   ընտրատեղամասերի ներսում և դրսում,  անգամ կրկնակի քվերակության փորձ։

Հատկանշանական է , որ  նախնական արդյունքներով հաղթած ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը նախկինում մի քանի անգամ ևս որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել է ընտրություններին,   նախորդ ընտրապայքարներում նրան սատարել էր  ՀՅԴ-ն:

«Քարոզարշավը նորմալ էր, ամեն ինչ նորմալ անցավ, քարոզարշավի ընթացքում էքսցեսներ չկային, լարվածություն չկար, հանգիստ, նախընտրական մթնոլորտ էր: Իմ և մյուս թեկնածուի փոխհարաբերությունները սովորական են, որովհետև նույն քաղաքի բնակիչներ ենք, իրար դեմքով ճանաչում ենք, անձնական շփումներ չունենք»,- ասում է Հայկ Հայկյանը «Ռադիոլուրին» տված հարցազրույցում։

ԲՀԿ-ի  կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն էլ «Ռադիոլուրին» հայտնեց, որ քարոզարշավը բոլոր տեղերում էլ լարված անցավ:

Սա ինչպես ասում են, որպես փոքրիկ ակնարկ: Այժմ ներկայացնեմ, թե ինչ էր երեկ կատարվում Արարատի ընտրատեղամասերում՝  և ներսում, և դրսում ու քաղաքում ընդհանրապես: Նախ՝ նկատենք, որ քաղաքապետի այս ընտրություններում  բավականին մեծ էր արարատցիների մասնկացությունը,  օրվա գրեթե բոլոր ժամերին ընտրատեղամասերում կուտակումներ էին: 18/05 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը փորձեց պատասխանել հարցին, թե ինչով է պայմանավորված ընտրողների ակտիվությունը։ «Հետաքրքրված են, որ իրենց քաղաքապետ ընտրեն, լավ քաղաքապետ լինի»,- ասում է։

18/04 ընտրատեղամասում կրքերը բավականին թեժ էին, կեսօրին  կուտակումներ կային թե ընտրատեղամասում և թե դրանից դուրս: Նկատենք, որ այս համայնքի գրեթե բոլոր տեղամասերը շատ անհարմար են, փոքր, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընտրելու մասին էլ չենք խոսում: Սա նկատեց ու խոստովանեց նաև  18/04  ընտրատեղամասի Անդրանիկ Պետրոսյանը։

Այս ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ կրքերը թեժանում էին, երբեմն  ՀՀԿ- ի կողմից առաջադրված թեկնածուի կողմնակիցներն էին ակտիվանում, երբեմն՝  ԲՀԿ-ի: Հայտարարում էին, որ հեռացնեն տարածքում գտնվող անծանոթ մարդկանց:

Բավականին ակտիվ էր Հայկ Հայկյանի վստահված անձ Պերճ Միրոզյանը: «Դու նախագահ ես, մի հատ հլը տիրապետի էս վիճակին»,- ասում էր նա։

Նկատենք, որ այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Այս ընտրատեղամասում նաև կրկնակի քվերակության փորձ կատարվեց: Արարատի բնակիչ Հրանուշ Համբարձումյանը չիմանալով՝ քվեաթերթիկը քվեատուփ էր գցել առանց կնքելու: Հայկ Հայկյանի վստահված անձ Պերճ Միրոզյանը ամեն ջանք գործադրեց, որ կրկնակի քվեարկություն լինի, նա խոսում էր քաղաքացու շահերից, ընտրելու իրավունքից: Վեճը օրենսդրորեն լուծելու եկավ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի վստաված անձ  Վահան Բաբայանը, ու սկսվեց վեճը, փոխադարձ մեղադրանքները։

Հավելեմ , որ թերևս  երբևէ արարատցիներն իրենց այնքան այսպես ասենք, պաշտպանված չէին զգացել, որքան երեկ: Ողջ օրը քաղաքում ոստիկանական մեքենաներ էին շրջում, կանգնեցնում ավտոմեքենաները, ստուգումներ կատարում: Արարատը հյուրընկալել էր նաև կին ոստիկանների: Ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն էր տարածվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի մոտ մեկ տասնյակ թիմակիցների օրվա առաջին կեսին ընտրատեղամասերից տարել էին ոստիկանական բաժին:  Այսպիսի թեժ մթնոլորտում անցավ Արարատի քաղաքապետի ընտրությունները: Հաղթեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Հայկ Հայկյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button