Հասարակություն

Ապագան ոչ միայն ձերն է, այլև ձեր ձեռքերում, ասում է ԿԳ նախարարն ուսանողներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ապագան ոչ միայն ձերն է, այլև ձեր ձեռքերում է, շնորհավորելով Ուսանողներին միջազգային օրվա և երիտասարդական շաբաթի առթիվ՝ այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև ողջունեց ուսանողների հասարակական-քաղաքական ակտիվությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ դա խրախուսվում է, եթե  չի հակասում Սահմադրությանը և իրականացվում է դասերից դուրս: «Ուսանողը իր կյանքի տարբեր խայտաբղետ դրսևորումներից բացի ունի մեկ սրբազան պարտավորություն և պարտականություն, դա սովորելն է: Ես պահանջում եմ, որպեսզի դուք ավելի պահանջկոտ լինեք բուհերից և մեզանից կրթության ակադեմիական առաջադիմության ձեր ուսումնական պրոցեսի հետ կապված բոլոր հարցերում»։

Խոսելով ուսանողների դերի, կարևորության, նրանց պարտականությունների և իրավունքների մասին` նախարարը նաև պատասխանեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հարցերին: Ուսանողի հարցին, թե ինչպիսի ծրագրեր ունի նախարարությունը, որն ուղղված է կոնկրետ կրթության որակի բարձրացմանը, նախարարը պատասխանեց հարցով. «Ինչ եք դո՞ւք պատրաստ անել, որպեսզի կրթության որակի բարձրացման հարցում մեզ օգտակար լինեք: Մեր ամբողջ աշխատանքային օրակարգը բաղկացած է նմանատիպ հարցերից: Հայաստանը որպես Եվրոպական կրթական տարածքի մաս, եվրոպական կրթական ստանդարտներին համապատասխան է իր ամբողջ բուհական համակարգը վերակառուցում: Ոչ մի միջազգային կառույց չի հավատարմագրի որևէ բուհի որևէ ծրագիր, եթե այնտեղ չլինի ուսանողության գնահատականը»,- ասաց։

Մեկ այլ ուսանողի էլ հետաքրքրում էր, թե ինչ քայլեր է կատարում նախարարությունը՝ դասախոսների ավելի սահուն սերնդափոխություն իրականացնելու ուղղությամբ: Թեև խնդիրը նախարարությանը չի առնչվում, Արմեն Աշոտյանն այնուամենայնիվ պատասխանեց հարցին` հայտնելով իր կարծիքը։ «Այսօրվա օրենսդրությունը բուհերին տալիս է լիարժեք ազատություն՝ ձևավորելու սեփական կադրային քաղաքականությունը: Մենք միայն մինիմալ պահանջներ ենք դնում, թե  ով կարող է լինել պրոֆեսոր, ով դոցենտ, ով թեկնածու, ով ռեկտոր, պրոռեկտոր և այլն։ Մնացած ամբողջ գործընթացը կազմակերպում են բուհերը: Մյուս կողմից, իհարկե, ես համաձայն եմ ձեզ հետ, որ դասախոսական կազմի որակի հետևողական բարձրացման խնդիր կա և միայն սերնդափոխությունը չէ հարցը: Ես չեմ կարծում, որ բացարձակ ճշմարիտ են այն պնդումները, որ երիտասարդ դասախոսները միշտ ավելի լավն են և չեմ կարծում, որ բացարձակ ճշմարիտ են այն պնդումները, որ տարեց փորձառու դասախոսները միշտ ավելի լավն են: Սերնդափոխության գաղտնիքը տեսնում եմ այդ ոսկե միջինի մեջ, երբ ավագների փորձը և երիտասարդների նախաձեռնողականությունը հնարավոր է միաձուլել մի ընդհանուր ամբիոնական կամ ֆակուլտետային պոտենցիալի մեջ»,- ասաց։

Ուսանողների հարցերին պատասխանելուց բացի նախարարը ևս մեկ առաքելություն ուներ հանդիպման շրջանակներում: Արմեն Աշոտյանը նկատեց, որ տարբեր բուհերում մի շարք ուսանողական կառույցներ աչքի են ընկել իրենց բարձր մակարդակի աշխատանքներով և հաշվի առնելով վերջին 20 տարիների ընթացքում նրանց ունեցած ավանդը բուհի զարգացման գործում` նախարարը մի քանի բուհերի ինքնակառավարման մարմինների պարգևատրեց ոսկե հուշամեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button