Տնտեսական

Որո՞նք են տնտեսական աճի դանդաղեցման պատճառները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարի տնտեսական աճը դանդաղում է։ Պատասխանատուները տայն պայմանավորում են  արտաքին ու ներքին գործոններով՝ վստահեցնելով՝ եթե էներգակիրների գները չբարձրանային, ապա կառավարությունը կկարողանար գոնե ապահովել խոստացված գնաճի մակարդակը: ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  վստահեցնում է, որ  2011թ Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին տեղյակ էին: ԱԺ  ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հաձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը էլ  նկատում է՝  2013թ ի տարբերություն նախորդ տարիների, նույն արտադրանքը թողարկվում է  ավելի մեծ ծախսերով։

Մեկուկես  ամսից մի քիչ ավելի ժամանակ է մնացել  մինչ կավատվի 2013 թ։ Մինչ այս պահը հրապարակված  բոլոր ցուցանիշերը վկայում են, որ տնտեսական տարին հայրենի կառավարության համար  այնքան էլ բարենպաստ չէր մի պարզ պատճառով՝  հայտարարված ցուցանիշերը դժվար թե ապահովվեն:   Տնտեսական աճի դանդաղման  մասին  հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում հայտարարեց  Տիգրան Սարգսյանը: Նախ կառավարության ղեկավարը, հետո նաև ԱԺ ֆինանսասավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տնտեսական աճի դանդաղումը պայմանավորեցին   արտաքին ու ներքին գործոններով: Արտաքին գործոնն այն է, որ  գործընկեր երկրներում նույնպես  տնտեսական աճի դանդաղում է նկատվում, ներքին գործոններից թերևս հիմնականը  վերջին տարիներին այդպես էլ աճ չգրանցող շինարարության ոլոտում նկատվող անկումն է։

Հայաստանում շինարարության զարգացման հետ մեծ հույսեր էին կապում, մինչդեռ  կառավարության հույսերն այս   դեպքում ի դերև ելան: ԱԺ ֆինանսասավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստովանում է, որ «իսկապես մեծ նշանակություն ունեցավ այն մեծ ծրագրի  հետաձգումը, որը մենք հույս ունեինք իր միջոցով շոգեքարշի էֆեկտով ուրիշ ճյուղերում աշխուժություն կմտցնի: Սա Հյուսիս– հարավ մայրուղու շինարարությունն էր: Շինարարության ոլորտում այդ էական անկումը բնականաբար բերել է տնտեսական ընդհանուր աճի դանդաղեցման»։

2013թ Հայաստանում ոչ միայն տնտեսական աճն է պլանավորվածից ավելի նվազել,  նախատեսվածից ու խոստացվածից ավելի բարձր է գնաճը։ «Ավանդաբար մեր գնաճը պլանավորվում էր 4 +_ 1,5 տոկոս, սակայն հոկտեմբերի մեկի տվյալներով, 7,:1 տոկոսի 12-ամսյա գնաճ։ Անիրական է, որ որ մենք տարեվերջին հասնենք 4 +_ 1,5 տոկոս վերին սահմանին, այսինքն 5,5 տոկոսիվ ավելի բարձր կլինի գնաճը»,- ասում է Գագիկ Մինասյանը։

Գնաճի բարձր մակարդակը պատկան մարմինները էներգակիրների՝ էլեկտրանէերգիայի և գազի գնի աճով են պայմանավորում և վստահեցնում՝ եթե գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանար, կառավարությունը նախապես հայտարարած ցուցանիշերը կկարողանար ապահովել։ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  վստահ է՝ 2011թ Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին տեղյակ էին, չնայած մեզ՝ սպառողներիս, դրա մասին ոչինչ  չէր ասվել։ «Իշխանությունը դեռևս այն բյուջեն, որ ներկայացնում էր մեզ անցյալ տարի 2013-ի համար, 2012թ նոյեմբերի- դեկտեմբերին գիտեր, որ գազի գինը բարձրանալու է, և ինքն իր մակրոտնտեսական կանխատեսումների մեջ սա պետք է հաշվի առներ: Հիմա Տիգրան Սարգսյանը դա վերադարձնում է  մեզ  ու  բացատրում է՝ մենք հաշվի չէինք առել, որ գազի գինն ու հոսանքը կբարձրանա, այդտեղից մնացած եզրակացությունները կարող եմ թողնել ձեզ, որովհետև իմ եզրակացությունները շատ խիստ են, գնահատականներն էլ շատ տեղին ու էլի խիստ»,- ասում է ընդդիմադիր տնտեսագետը։

ԱԺ  ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հաձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը  նկատել է՝  2013 թ- ին, ի տարբերություն նախորդ տարիների, նույն արտադրանքը թողարկվում է ավելի մեծ ծախսերով։ «Օրինակը կաթնամթերքն է։ Եթե երկու-երեք տարի առաջ մեկ լիտր կաթը գյուղացիներից մթերում էր 110-130դրամով, այսօր մթերվում է 170 դրամով, դրան ավելացվում են այն ԱԱՀ-ն, որ գյուղացիները ուղղակի հարկային գործակալ չեն ու չեն վճարում, այստեղ շահութաբերության լուրջ անկում ունենք տնտեսվարողների մոտ»,- ասում է։

Ընդդիմադիր գործիչների հիմնական մասը միաբերան պնդում է՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: ԱԺ-ում մեծամասնություն կազմող  ՀՀԿ- ական պատգամավոր Գագիկ Մինասյանը դժվարանում է գործադիր մարմնի անդամների փոխարեն  հարցին որևէ պատասխան տալ, ուստի և հորդորում է. «Հրաժարականի մասին պետք է կառավարության անդամներից հարցնենք, ես կառավարության անդամ չեմ»։

 

Back to top button