ԿարևորՎերլուծական

Լարվածություն իրանա-ադրբեջանական սահմանին ու հարաբերություններում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Իրանա- ադրբեջանական սահմանին նոյեմբերի 6-ին գրանցված միջադեպն  առայժմ չի հարթվում։ Ավելին՝ նոյեմբերի 8-ից իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ սահմանային  բոլոր անցակետերը:  Պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան, չի տրվում նաև այն հարցի պատասխանը, թե երբ կբացվեն սահմանային անցակետերը:   Հայտնի է, որ սահամանային լարվածության առիթը  Նախիջևանի հատվածում  գտնվող  սահմանային անցակետում գրանցված  միջադեպն  էր.  իրանական կողմից կրակ է բացվել Արաքս գետի ադրբեջանական ափին աշխատող տրակտորի ուղղությամբ: Ադրբեջանը հարցում է ուղարկել գնդակոծության պատճառների մասին, որից հետո էլ փակվել են հսկիչ սահմանային անցակետերը:  Սահմանային անցակետերն իր հերթին փակել է նաև Իրանը։ 

Իրանա- ադրբեջանական սահմանին նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ  բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել, բայց պաշտոնական բացատրություններ դեռևս չեն տրվել: Իրանական կողմը տեղի ունեցածի մեկ պաշտոնական վարկած է ներկայացնում: Ըստ դրա՝ նոյեմբերի 6-ին անհայտ անձը  Պոլդեշտից ոչ հեռու կրակ է բացել տրակտորի վրա, որից հետո Ադրբեջանն առանց նախազգուշացման փակել է սահմանային  անցակետը:  Հաջորդ օրը իրանական կողմից նախազգուշացում է հնչել, որ սահմանը փակ պահելու դեպքում հակադարձ գործողություններ կլինեն։ Նախազգուշացումն անպատասխան է մնացել, ինչից  հետո էլ արդեն իրանական կողմն է փակել Ջուլֆայի և Բիլեսավարի սահմանայաին անցակետերը:

Նոյեմբերի 8-ից փակ են  Ադրբեջան- Իրան սահմանային  բոլոր անցակետերը: Նկատենք, որ երկու երկրների սահմանին գործում է հինգ անցակետ՝ երկուսը Նախիջևանում, երեքը՝ Ադրբեջանի հարավում։ Իրանագետ Ռուդիկ Յարալյանի կարծքիով՝ հիմանական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը։ «Իրանական կողմին այս պահին բոլորովին պետք  չեն խնդիրներ Ադրբերջանի հետ, ինչը չէի ասի վերջինի համար: Այս միջադեպը Ադրբեջանը կարող է որպես հարմար  առիթ օգտագործել սահմանային անցումները դժվարացնելու համար»։

Իսկ  նման խնդիր այս երկիրն ունի: Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանին ավելի ու ավելի է  մտահոգում ժողովրդական մակարդակով հայ-իրանական շփումների ինտենսիվացումը, մասնավորապես, այդ շփումների թալիշական բաղադրիչը։ «Երբ թալիշները շփումներ  ու ազատ ելումուտ են ունենում Իրանի հետ, դրանով ավելի է ամրապնդվում նրանց իրանական ինքնագիտակցությունը, ինչը սպառնալիք է Ադրբեջանի  իշխանությունների համար, որոնք ամեն կերպ փորձում են ժխտել թալիշական ինքնությունը»,- ասում է Յարալյանը։

Մյուս կողմից՝ իրանագետի կարծիքով՝ Ադրբեջանի այս  քայլը կարող է  մեսիջ լինել աշխարհի գերտերություններին,  որ Ադրբեջանը  եղել և  շարունակում է այս տարածածրջանում հակաիրանական գործոն մնալ: Այլ կերպ՝ սա գերտերություններին հաճոյանալու Ադրբեջանի հերթական փորձն է։ «Իսկ  ինչո՞ւ է սա պետք Ադրբեջանին: Այս երկրում  խայտառակ նախագահական ընտրություններից հետո նկատելի են ճնշումներ իշխանությունների նկատմամբ, և այս կերպ Ադրբեջանը փորձում է հաճոյանալ գերտերություններին»։

Իրանագետի  կարծիքով, սակայն, Ադրբեջանի այս գործողությունները ժամանակավրեպ են, քանի որ Իրանի նոր նախագահի պաշտոնավարման հենց սկզբից նկատվում է Իրան- Արևմուտք հարաբերությունների կարգավորման միտում։ Վերլուծաբանը կարծում է, որ սահմանային միջադեպը կամ սադրանքը լուրջ հակամարտտության չի վերաճի, դրանից,  սակայն,  իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը չի նվազի։

Ցուցադրել ավելի
Back to top button