Մշակույթ

Թիֆլիսահայ կյանքի վավերագրողը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Թբիլիսիում ներկայացվել է արխիվագետ Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. Հայկական ճեպանկարներ» գիրքը: Նրանում ներկայացված է Թիֆլիսի հայկական իրականությունը` հայերի կառուցած թաղամասերով ու տներով, արվեստի օջախներով ու խանութներով: Դարչինյանը, որ մինչև կյանքի վերջին օրերը աշխատեց գրքի վրա, ցավոք չհասցրեց տեսնել այն հրատարակված։ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված արխիվագետին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ներկացվել են նաև նրա մասին տեսաֆիլմեր, ներկաներն անդրադարձել են Դարչինյանի թողած հսկայական ժառանգությանը։

«Կենդանի հանրագիտարան». Սարգիչ Դարչինյանին իր գործունեության համար հենց այսպես էին անվանում: Նա իր ողջ կյանքը նվիրել էր Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայկական գոյության  ուսումնասիրությանը: Արդյունքում՝ ունենք հայ հայտնի գրողների, քանդակագործների, նկարիչների ապրած տների հասցեները։ Տեղեկություններն ստանալու համար լինում էր Վրաստանի ազգային արխիվում, այնուհետև գտնված հասցեներում, ուսումնասիրում էր այլ հրատարակություններ, որոշ տեղեկություններ ճշտում էր նույնիսկ հայ գրողների ստեղծագործություններից։

Նա մի ժամանակ ուներ մոտոցիկլետ, որով շրջում էր Վրաստանի տարբեր վայրերում: Ժամանակակից տեխնիկայից միայ մի թվային լուսանկարչական ապարատ ուներ, նույնիսկ չուներ համակարգիչ, որտեղ կարող էր մուտքագրել ձեռք բերված նյութերը: Մի առիթով ասաց, որ դեռ 19-րդ դարում է աշխատում, բայց միևնույնն է՝ դա չէր խանգարում, որպեսզի աշխատեր մինչև կյանքի վերջ։ «Թիֆլիսն ինձ համար անդիմադրելի սիրուհի է, որի թովչանքից ու կախարդանքից այդպես էլ չկարողացա ազատվել»,- ասում էր։

Կյանքի վերջին ամիսներին ուզում էր հրատարակել իր ուսումնասիրությունների մի մասը որոշ տների ու թաղամասերի վերաբերյալ հոդվածների տեսքով: Եվ դա հանձն առավ անել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով՝ հայ մարդը Թիֆլիս էր կառուցում, քաղաք շենացնում, թատրոն ստեղծում, երգարվեստ ու կերպարվեստ զարգացնում, եկեղեցի հիմնում, բարին սերմանում ու հնձում: Այս ամենի փշրանքներն էր փորձում փրկել Սարգիս Դարչինյանը` ձգտելով մոռացությունից վեր բարձրացնել պատմական Թիֆլիսի հայկական կյանքը։

Սակայն այսօր ներկայացված գրքում ախիվագետի ուսումնասիրության մի փոքր մասն է միայն: Նրա հազարավոր նյութերն այժմ գտնվում են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որ երկար տարիներ աշխատել է Դարչինյանի հետ, այժմ ուսումնասիրում ու մշակում է գործընկերոջ թողած ժառանգությունը։ Ողջ տեղեկատվությունը ուսումնասիրվելուց ու մշակելվուց հետո դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային արխիվին, որտեղ էլ կբացվի թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանի անվան ֆոնդը։

Ցուցադրել ավելի
Back to top button