Հասարակություն

Բանակը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 10-ին նշվող երիտասարդության համաշխարհային օրվան ընդառաջ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցեցին նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, բուհերի, երիտասարդական կառույցների ու հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ և սպաներ, սփյուռքահայ երիտասարդներ: Հավաքի մասնակիցները կարևորել են երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը։

Պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճը այսօր մարդաշատ էր: Առիթը՝ Երիտասարդության համաշխարհային օրն է և տոնին ընդառաջ այստեղ էին հավաքվել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ակտիվ անդամները։ Ըստ Երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանի՝ պատահական չէ, որ այս հավաքը կայացավ պաշտպանության նախարարությունում, քանի որ հենց բանակն է հանդիսանում մեր երկրի ամենամեծ երիտասարդադական կառույցը։

Շնորհավորելով երիտասարդներին տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց նրանց մասնակցությունը պետական, բանակային և հասարակական կյանքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Արցախյան գոյամարտի հաղթանակները և անկախության նվաճումը ձեռք բերվեցին հենց երիտասարդների  անձնազոհ մասնակցությամբ: Եվ այսօր երիտասարդությունը ակտիվ դեր է խաղում երկրի պաշտպանության գործում։ Միջոցառման ավարտին նախարարը երիտասարդներին  պարգևատրեց նախարարության մեդալներով և պատվոգրերով։

Ցուցադրել ավելի
Back to top button