Հասարակություն

Հակասական ընկալումներ. նոյեմբերի 5- ի իրադարձությունների բնութագիրը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալված 20 անձանցից 8-ին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: Իսկ քաղաքական ու հասարակական շրջանակներում  շարունակվում է նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի քննարակումը: Մեդիա Կենտրոնում թեմային այսօր անդրադարձել են իրավապաշպանը, միջադեպի մասնակիցը, քաղաքական վերլուծաբանն ու ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամը:

«Ցեղակրոն« կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը  նոյմեբերի 5-ին իր համախոհների  հետ փորձել է «Անոնիմուսների երթ» անցկացնել: Իրավապահները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ:  Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հայացքով՝  հասարակության կողմից կատարվածի ոչ միանշանակ, անգամ հակասական ընկալումը տեղի ունեցածի հիմնական բնութագիրն է։ «Տարբեր մարդկանց կարող ենք հարցնել, ու ամենատարբեր կարծիքներ լսել. եթե կարճ, ապա սա է նոյմեբերի 5-ին տեղի ունեցածի հիմնական բնութագիրը»։

Պետք է ոչ թե գնահատական տալ,  այլ փնտրել կատարվածի պատճառները. սա, միջադեպի մասնակից Դավիթ Գևորգյանի տեսակետն է։ «Ասեմ ավելին՝ Հայաստանում ինքնասպանություն գործող 10 մարդուց 7-ը նույն պատճառն ունի : Շանթն  ընտրել է այդ ճանապարհը, պայքարում է և չի փորձում հրաժարվել իր պայքարից կամ փախչել երկրից»։

Շանթ Հարությունյանն իրականացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված և քաղաքացուն որպես ծայրահեղ քայլ վերապահված ապստամբելու իրավունքը, ասում է  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա, ի դեպ, հակված է տեղի ունեցածը դիտարկել ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքացիական մոտեցումների շրջանակում։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, ստիպեցին Շանթին դիմել այդ քայլին: Ինչո՞ւ մինչև սեպտեմբերի 3-ը դուրս չեկավ:  Տեղի ունեցածը դիտարկում եմ իր քաղաքացիական գիտակցության, և ոչ թե քաղաքական հայացքների տեսանկյունից»,- ասում է։

Իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև բախման հետևանքով 38 մարդ բերման ենթարկվեց, ձերբակալվեց նրանցից 20-ը, արդեն հայտնի է, որ նրանցից  8-ին մեղադրանք է  առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:  Որքանո՞վ են խախտվել բերման ենթարկվածների, ապա ձերբակալվածների ու կալանավորվածների իրավունքները ոստիկանությունում։ Վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ  Նելի Հարությունյանն ասում է, որ  իրենց այցելությունների ժամանակ  պահման վայրի պայմաններից ոչ ոք դժգոհություն չի հայտնել։ Նրա գնահատականին այնքան էլ համամիտ չէր Սաքունցը ՝ խախտումներ եղել են, հատկապես մինչև բերման ենթարկվածների կարգավիճակի ճշտումը։ «Երեք ժամից ավելի իրավունք չունեին պահելու, բայց, փաստորեն, բերման ենթարկվածները շատ ավելի երկար ժամանակ են գտնվել ոստիկանության բաժանմունքներում մինչև ձերբակալության որոշումը։ Սա շատ կոպիտ խախտում է, միաժամանակ՝ շատ տարածված պրակտիկա»։

Ցուցադրել ավելի
Back to top button