Հասարակություն

ԵՊՀ- ում մեծարել են անվանի արեւելագետ Վահան Բայբուրդյանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ-ում այսօր նշել են վաստակաշատ գիտնական, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Վահան Բայբուրդյանի ծննդյան 80-ամյակը։ Բայբուրդյանը պատկանում է հայ արևելագետների այն սերնդին, որը կանգնած էր 1950-ական թվականներին ձևավորված հայ արևելագիտության ակունքների մոտ: Նա գիտական և կազմակերպական ծանրակշիռ ներդրում է ունեցել հայ իրականության մեջ առաջին ակադեմիական կենտրոն` ԳԱԱ արևելագիտության սեկտորի, իսկ ապա նաև ինստիտուտի հաստատման եւ զարգացման գործում:
Շնորհավորելով Բայբուրդյանին հոբելյանական տարեդարձի առթիվ` ԵՊՀ  ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան  մաղթեց առողջություն և նորանոր ձեռքբերումներ: Ներկայացնելով Վահան Բայբուրդյանի անցած ուղին և հարուստ կենսագրությունը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հիշեցրեց նաև, որ հայ իրականության մեջ Բայբուրդյանն առաջինն էր, որ հարուստ արխիվային նյութերի հիման վրա համակողմանի քննության է ենթարկել 20-րդ դարի սկզբի թուրք-իրանական հարաբերությունները` բացահայտելով մեր տարածաշրջանում այդ երկու առաջատար պետությունների միջպետական հարաբերությունների ներքին զսպանակները եւ նրանց խաղացած դերը հայ ժողովրդի քաղաքական ճակատագրում:

Վահան Բայբուրդյանը տարբեր տարիների արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի և պատվոգրի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմի։

Ցուցադրել ավելի
Back to top button