Հասարակություն

Ակտիվիստներն առաջարկում են Կոմայգու մարմնավաճառներին քաղաքից դուրս տեղ հատկացնել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 6-ից մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել են Մանկական զբոսայգին համասեռամոլներից ազատելու և այն բարեկարգելու վերաբերյալ ստորագրահավաք: Հանդիպել են  բազմաթիվ խոչընդոտների, սակայն վստահեցնում են, որ չեն ընկճվելու և պայքարելու են մինչև վերջ: Երիտասարդներն արդեն նամակ-պահանջով դիմել են քաղաքապետին, որի պատասխանը կտրվի 30 օրվա ընթացքում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկը եղել է Կիրովի անվան այգին համասեռամոլներից մաքրելը։ Չնայած խնդրի վերաբերյալ շատ ու շատ խոստումներ են հնչել, սակայն այսօր էլ  սայլը տեղից չի շարժվել: Հիմա էլ երիտասարդական մի շարք կազմակերպություններ են ոտքի  կանգնել և պատրաստ են պայքարել մինչև խնդիրը լուծում ստանա:  Պայքարի մտահաղացումը երիտասարդների մոտ ծագել է այգում համասեռամոլ մարմնավաճառների պահվածքն ու կեցվածքը   տեսնելուց հետո։

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է նրանց ստորագրահավաք ակցիան և արդեն հավաքել են  3000 ստորագրություն` ընդդեմ Կոմայգու համասեռամոլների: Նամակով դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին և սպասում են պատասխանին: «Իմ կարծիքով` երևի հավանության կարժանանա մեր նախագիծը, մենք էլ կփորձենք մեր ուժերով այգին բարեկարգել, իսկ եթե հավանության չարժանանա, կշարունակվի մեր նախաձեռնւթյունը հենց Կոմայգում»,- ասում է «Մենք» երիտասարդական շարժման  փոխնախագահ Սևան Աղաջանյանը։

Ակցիան երիտասարդները կոմայգում կշարունակեն, մինչև որ պետական մակարդակով արձագանք ստանան: Երիտասարդների քայլերի հաջորդականությունը պարզ կլինի քաղաքապետի պատասխանից հետո: «Մենք» երիտասարադական շարժման ներկայացուցչի առաջարկն է,  ինչպես խաղատները տեղափոխեցին ծայրամասեր, այնպես էլ  մարմնավաճառների համար քաղաքից դուրս  բացեն  հասարակաց տներ:

«Մենքի» փոխնախագահ Սևան Աղաջանյանի  խոսքով` տարածքի բնակիչները երիտասարդներին բողոքել են, որ մարմնավաճառները նույնիսկ իրենց անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար անչափահաս երեխաներին են ուղարկում դեղատներ: «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» երիտասարդական քաղաքացիական շարժում  ՀԿ նախագահ Մելինե Յավրյանի կարծիքով` խնդիրն իր հանգուցալուծումը մինչ այսօր չի ստացել, քանի որ այգին իրենց համար կայանատեղի դարձրած համասեռամոլներն ու մարմնավաճառները հովանավորվում են, ըստ նրա, պաշտոնյաների կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button