Հասարակություն

Նոյեմբերի 5- ի դեպքով ձերբակալվածների հարազատները տեղեկություններ չունեն նրանց մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին  տեղի ունենցած դեպքերի  ժամանակ ձերբակալվածներից երեք երիտասարդների` Սևակ Մնացականյանի, Արման Մխիթարյանի և Ավետիս Ավետիսյանի հարազատները այսօր ասուլիս էին հրավիրել և պահանջում են թափանցիկ հետաքննություն իրականացնել և իրենց տեղեկացնել հարազատների մասին: 

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից դեպի նախագահական նստավայր Շանթ Հարությունյանի  իրականացարած  երթն  կարելի է ասել վերածվեց մահակներով  «հեղափոխության»: Տեղի ունեցան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, որն  ավարտվեց զանգվածային ձերբակալությամբ: Այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ երեք ձերբակալվածների հարազատները պահանջում էին  թափանցիկ հետաքննությու իրականացնել և իրենց տեղեկացնել հարազատների մասին:

Սևակ Մնացականյանի, Արման Մխիթարյանի և Ավետիս Ավետիսյանի հարազատները նշում են. երեք երիտասարդները  ակտիվորեն ներգրավված էին տարբեր ակցիաներում` Թեղուտից սկսած, Մաշտոցի պուրակով մինչև համասեռամոլների դեմ պայքար։ Սակայն հարազատները նշեցին նաեւ, որ իրենք երբևէ չեն ճանաչել Շանթ Հարությունյանին, պարզապես իրենց տղաները միշտ հայտնվում  են այնտեղ, որտեղ կա ազգային շահը պաշտպանելու ու ազգին ծառայելու գաղափար։

Քաղաքացիական ակտիվիստների ընկերը՝ Մերի Սաֆարյանը տեղեկացրեց, որ կոնկրետ Արման Մխիթարյանը դեպքի վայր է գնացել, երբ արդեն ձերբակալվել էին երկու ընկերները։ «Մենք գնացել էինք հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և փնտրում էինք մեր ընկերներին: Արմանը ընդհանրապես կապ չուներ այդ ամենի հետ: Նա նույնիսկ դիմադրություն ցույց չտվեց: Ինձ թվում է՝ ձերբակալությունները պատվերով են տեղի ունեցել, քանի որ փնտրում` գտնում էին միայն հայտնի ակտիվիստ երիտասարդներին»,- ասաց։

Ձերբակալվածներից մեկի՝ Արման Մխիթարյանի կինը՝ Սայիդա Պողոսյանը, նշում է, որ բոլոր ձերբակալվածներն էլ բժշկական օգնության կարիք ունեն: Սայիդա նշում է, որ իր ամուսինն այդ օրը Ազատության հրապարակ էր գնացել, քանի որ իր ընկերներն են եղել այնտեղ։ Եթե տղաները պատահաբար են հայտնվել, ծնողները կարող են միջամտել, բայց ոչ մի տեղեկություն չեն տալիս: «Մեր պահանջն այն է, որ ավելի բացահայտ հետաքննություն վարվի և մեզ ասեն, թե ինչու են տղաները ձերբակալված։ Թող բարի գտնվեն՝ մեզ տեղեկություն տան»,- ասում է։

Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Ավետիսյանը, չկարողացավ խոսել իր որդու և Շանթ Հարությունյանի կապի մասին, վերջինս շարունակ հուզվում էր։ Նա զարմանում էր, թե ինչու բոլոր կալանավորվածներից տեղեկություն կա, իսկ Ավետիսի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Ասուլիսի մյուս բանախոսները նշեցին, որ Ավետիսը վերջերս աչքերի բավականին բարդ վիրահատություն է տարել։

Ակտիվիստների հարազատները տեղեկացրեցին, որ կալանավորվածների հետ հանդիպումից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հարազատներին տեղեկացրեց, որ Ավետիսը հացադուլ է հայտարարել և ոչ ոքի չի պատասխանում։

Հիշեցենք, որ փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով` «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը» և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս»։

Այն հարցին՝  արդյո՞ք տղաներր վարքագծում վերջին շրջանում կասկածելի փոփոխություններ նկատել են, թե՞ ոչ, Արման Մխիթարյանի կինը՝ Սայիդա Պողոսյանը նշում է. «Ես համոզված եմ, որ ոչ մեկը բռնի ոչ մի գործողության կողմնակից չէ, իրենց սիրտը ցավում է ոստիկանի համար, որն իրենց էր  պաշտպանում: Իսկ ինչ որ մեկը տեղյա՞կ է, որ ինքնաշեն պայթուցիկով կամ փայտով հեղափողություն անեն: Անգամ նա, ով ատրճանակով մտավ ԱԺ, հեղափոխություն չարեց»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button