Հասարակություն

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների աճ է գրանցվում. պատճառը միգրանտներն են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 22-ից Հայաստանում կմեկնարկի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը։ Նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը և հասկացնել պետական մարմիններին, որ առանց աջակցության հնարավոր չէ խնդիրը լուծել: Ծրագրի շրջանակներում եվրոպական կազմակերպությունները քաղաքացիներին կոչ կանեն  հանձնել հիվանդությունն  ախտորոշող թեստ՝ փորձելով այս կերպ կկանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ տարածումը:

«Հայաստանում մոբիլ-լաբորատորիաների  միջոցով, որոնք կլինեն փոքր մեքենաներ, ՁԻԱՀԻ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպությունները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնեն արագ թեստավորումներ փողոցներում և այդ թվում կմեկնեն մի շարք մարզեր և գյուղեր, որտեղ էլ մոբիլ-լաբորատորիաների միջոցով կիրականացվի  արագ հետազոտությունը տեղում: Հնարավորություն կտրվի բոլորին, ովքեր անցնում են կողքով և ցանկություն ունեն մասնակցել հետազոտմանը, արագ թեստավորվել, իմանալ իրենց պատասխանը 5 րոպեում  և շարունակել  հանգիստ ապրել»,- ասում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գևորգյանը։

1988 թվականից ի վեր Հայաստանում գրանցվել է 1541 ՄԻԱՎ վարակակակիր, իսկ  այս տարի` 228: Վարակվածների տարիքային շեմը չի գերազանցում 40-ը, ազգային ծրագրի ղեկավարը։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ միջազգային ալյանսի ծրագրերի տնօրեն Լեսիա Խմելն էլ համեմատելով Հայաստանում և Ուկրաինայում առկա պատկերը նշեց, որ «նախկին ԽՍՀՄ տարածքում, օրինակ Հայաստանում և Ուկրաինայում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակը մտահոգիչ է, բայց Ուկրաինայում հետազոտությունները ցույց են տվել, որ վարակակիրների նվազում է գրանցվում, ինչը չեմ ասի Հայաստանի մասին, քանի որ այստեղ  մեծ թիվ են կազմում միգրանտները, որոնք աշխատանքի են մեկնում Ռուսաստան»։

ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` վարակակիրների  70 տոկոսը կազմում են  տղամարդիկ, որոնք էլ  վարակվել են  Ռուսաստանում և Ուկրաինայում  արտագնա աշխատանքների ընթացքում։ Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ մինչ այսօր ՁԻԱՀ-ից  մահացել է 58 կին և 7 երեխա:

Արդեն ամբողջ աշխարհում կիրառվում է հիվանդությունն ախտորոշող  արագ թեստավորման համակարգը, որը վայրկյանների ընթացքում ցույց է տալիս պատասխանը, իսկ  Հայաստանում դեռևս կիրառվում է հին մեխանիզմը`  բուժհիմնարկներում հետազոտվելու գործընթացը, որն էլ տևում է մեկ շաբաթ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ապրում է ՄԻԱՎ-ով ապրող 3500 մարդ, որի կեսն է այսօր գրանցված: Ոլորտը համակարգողների համար ցավալի է, որ վարակվածներից շատերը չգիտեն իրենց մոտ առկա հիվանդության մասին: Պատճառը, ըստ Աշոտ Գևորգյանի,  բուժծառայությունների անհասանելիությունն է  կամ էլ հիվանդության մասին գաղափար չունենալը:

2015 թվականին կավարտվի ՄԻԱՎ/ՁԻԱՀի կանխարգելման համար միջազգային ֆինանսավորումը, որից հետո խնդիրն ինքնուրույն պետք է լուծի։ ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության ազգային ծրագրի ղեկավարն ահազանգում է, որ  պետության կողմից ֆինանսավորման բացակայության դեպքում վարակակիրների թիվը կարող է աճել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ով վարակակիրներ ամենաշատը գրանցվել է Շիրակում, Լոռիում , Երևանում և  Արմավիրում։

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարկակիրների 58 տոկոսը վարակվել է հետերոսեքսուալ, 32 տոկոսը՝ թմրանյութերի օգտագործման ճանապարհով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button