Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն այսօր

Այսօր Ժնևում կսկսվեն իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ հերթական բանակցություններն Իրանի և «վեցյակի» միջև: Նախօրդ հանդիպումը Ժնևում կայացել էր հոկտեմբերի 15-16-ին, որի ժամանակ կողմերը որոշում էին ընդունել ակտիվացնել դժվարությամբ առաջ շարժվող բանակցային գործընթացը՝ դրանում ներգրավելով միջուկային ոլորտի փորձագետներին:

Ժնևյան բանակցությունները կողմերի խոստովանությամբ անցում է կառուցողական և բաց մթնոլորտում: Թեհրանը «վեցյակին»  է ներկայացրել նոր առաջարկությունների փաթեթ, որի նպատակը, ըստ  իրանցի դիվանագետների, միջազգային հանրությանը համոզելն է, որ Իրանի միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում: Սակայն կողմերին դեռ հաղթահարել չի հաջողվում տարիների ընթացքում կուտակված անվստահությունը:

Վերջին օրերին ամերիկյան կողմը Թեհրանի նկատմամբ իր հռետորաբանությունը խստացրել է: «Մեր նպատակն է թույլ չտալ Իրանին ձեռք բերել միջուկային զենք: ԱՄՆ պատրաստ է հասնել այդ նպատակին, քանի դեռ հնարավորությունների պատուհանը բաց է»,-ասել էր Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին՝ նկատելով, որ այն միշտ բաց չի մնա: Իր հերթին՝ Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել էր, որ բանակցությունների հետ կապված լավատեսություն չունի, սակայն աջակցում է իրանական պատվիրակությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button