ԿարևորՀասարակություն

Բանակին հիվանդ զինվոր պետք չէ, ասում է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եթե հասնեմ նրան, որ զինվորն իր հրամանատարի հետ կիսվի այնպես, ինչպես ինձ հետ է կիսվում և բարձրաձայնի իր խնդիրների մասին, մեզ հասցեագրված դիմում-բողոքները զգալիորեն կնվազեն»,- այսօր ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:  Նա անդրադարձել է ձմեռային զորակոչից առաջ նորակոչիկների հետ տարվող աշխատանքներին։

«Զինվոր» համակարգող խորհրդը շուրջ տասը տարի համագործակցում է բանակի հետ  ու ինչպես յուրաքանչյուր զորակոչի շրջանում, այս անգամ էլ ակտիվորեն փորձում է ներգրավել բժշկական  հանձնաժողովի  աշխատանքներում։ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի հիվանդ երիտասարդը բանակ  չզորակոչվի: Ծնողների կողմից մեզ հասցեագրված որևէ դիմում անպատասխան չի մնում: Եթե ծնողին չեն բավարարում հետազոտության արդյունքները, մենք պահանջում ենք, որպեսզի նորակոչիկը կրկնակի փորձաքննության ենթարկվի»,- ասում է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Զորակոչի օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո «Զինվոր» համակարգող խորհրդին հասցեագրված դիմում-բողոքների ցանկում մեծ թիվ են կազմում հատակապես միայնակ մայրերի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ տղաների ծառայության վերաբերյալ դիմում-բողոքները: Նախկինում սահմանված 50-ի փոխարեն այժմ նրանք ծառայությունն իրականացնում են բնակավայրից  առավելագույնը 150 կմ հեռավորությամբ գտնվող զորամասում։

Մարգարիտա Խաչատրյանն այսօր անդրադարձավ նաև Կանազի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած դեպքին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին կայազորային կլինիկական հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող երկու զինծառայողներ նույն բաժանմունքի զինվորների հետ վիճաբանութուն էին  սկսել, ինչը վերածվել էր ծեծկռտուքի: Նրանք հարձակվել էին նաև հերթապահ բժշկի վրա ու դիմել փախուստի: Դրանից հետո փախուստի էին դիմել ևս երկու զինծառայողներ: Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ անձամբ եղել է դեպքի վայրում ու ծեծկռտուքի ընթացքում անգամ կապտուկներ ձեռք բերել: Տղաները եղել   են հոգեբուժական բաժանմունքի հիվանդներ, գտնվել են դեպրեսիվ ծանր  վիճակում։ Բոլոր տղաները զորացրվել են։

Մարգարիտա Խաչատրյանին այսօր հարց ուղղվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին համակարգող խորհրդի կողմից «Զինվոր հայրենյաց» մեդալ շնորհելու մասին, ինչը թատերագետ Լևոն Մութաֆյանը քննադատել էր իր ֆեյբուքյան էջում: «Հո թուրքի չեմ պարգևատրել»,- սրտնեղեց Մարգարիտա Խաչատրյանն ու  քննադատելու փոխարեն Լևոն Մութաֆյանին հորդորեց իր հետ գոնե մեկ անգամ այցելել  զորամաս ու  հայ զինվորի մատից մի փուշ հանել։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button